Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք է ընդունել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաև այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին,- գրում է Փաշինյանը՝ հավելելով.- այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ էթիկայի կանոնագիրքն ընդունելուց հետո ՔՊ-ականները կդադարեն հայհոյել»։
Հարցվածների մի մասը նշեց, որ ՔՊ-ն չի դադարի հայհոյել, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Չէ երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հնարավոր չի։ «Դժվար, մեղք ա դա, հնարավոր չի։ Հայհոյանքով էկել են, հայհոյանքով էլ պիտի ճամփու դնենք գնան։ Եկեղեցին են ավիրում, հավատքն են հայհոյում, արդեն վերջին հենասյունն են վերացնում»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եթե մարդը չունի Աստվածապաշտություն, իրեն ոչինչ չի կարող օգնել։ «Էթիկան լավ բան ա, բայց եթե մարդը ներսից չունի Աստվածպաշտություն, իրան ոչ մի բան կարա չօգնի։ Ամենակարևորը, որ ունենա Աստծո հանդեպ հարգանք։ Դժվար ա ասել, քիչ ա հավանականությունը, որ կդադարեն հայհոյել»,- ասաց նա։
«Չեմ սիրում ՔՊ-ականներին, վերևից ներքև գող,ավազակ են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․