Արձագանքելով քաղաքացիների ահազանգերին,
Oragir.News-ն այցելել և նկարահանում է իրակնացրել Երևան քաղաքի N 102-րդ դպրոցի հարակից տարածքում, որի մի մասն այսօր գտնվում է ավերակ վիճակում։
Դպրոցից դեպի բակ տանող մուտքերից մեկը փակվում է մետաղալարով, իսկ դարպասի դիմաց քար է դրված՝ որպես լրացուցիչ փակոց։
Տարածքում տեղադրված են տեսախցիկներ, սակայն թե ինչ են հսկում դրանք այս պայմաններում, դժվար է պատկերացնել․ այդ գումարով, ինչպես նշում են բնակիչները, կարելի էր գոնե մեկ ամուր փական գնել դարպասի համար կամ ներկել այն:
Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները պատմում են, որ դպրոցի այդ հատվածը մոտ տասը տարի չի գործում. «Ամբողջությամբ ապակի է, երեխաներն էլ չեն հասկանում, ուզում են պատուհաններով մտնեն, ներսում խաղան»:
Ֆուտբոլի դաշտից դեպի փողոց տանող աստիճանները ևս վթարային են՝ կիսաքանդ և չափազանց բարձր։ Նման պայմանները վտանգավոր են երեխաների համար։
«Եկել են վերանորոգում են դաշտը, բայց չեն նկատո՞ւմ, որ անորակ է կառուցված: Ֆուտբոլի դաշտը տեսան, որ ավերակ է, արդյոք չեն նկատե՞լ՝ երեխաներն ինչ աստիճաններով են իջնելու դաշտ»,- ասում են ծնողները:
Տարածքում նկատվող մեծ քանակի աղբը, իհարկե, նաև բնակիչների ու այցելուների անփութության հետևանք է։ Սակայն ընդհանուր պատկերն այնպիսին է, կարծես՝ այստեղ երբևէ մաքրություն չի իրականացվել․ փոշի, պլաստիկ և թափոններ՝ ամեն քայլափոխի։
Մեզ համար նույնիսկ նստել ու տարածքը դիտարկելն էր դժվար։ Դպրոցի այս հատվածում նստելու որևէ տեղ չկա։ Ընդհանուր մթնոլորտը հիշեցնում է լքված տարածք, բայց ոչ՝ կրթօջախ։
Այս ամայությունը լցնում էր դպրոցի միակ «աշակերտը»՝ մի փոքրիկ կատու, որը դպրոցի լքված շենքի պատուհանից դուրս էր նայում ու կարծես սպասում էր, թե երբ ուսուցիչը կհայտնվի։