Արդեն
հայտնել ենք, որ ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման թեստի կազմակերպման և բովանդակային խնդիրների վերաբերյալ ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։
Բողոք-դիմումում նրանք հայտնել են, որ մասնակցել են ռուսաց լեզվի կամավոր ատեստավորմանը, սակայն քննության կազմակերպումն ու բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին և սահմանված չափորոշիչներին։
Oragir.News-ը տեղեկացավ, որ նախարարությունից դեռ չեն պատասխանել ուսուցիների դիմումին։
«Ասել են, որ կքննարկենք՝ կասենք, բայց արդեն մի շաբաթից ավելի անցել է՝ պատասխան չկա»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի դպրոցներից մեկի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աստղիկ Սրապյանը, ով մասնակցել է կամավոր ատեստավորմանը։
Նրա խոսքով՝ քննության կազմակերպումն ու թեստի բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին և սահմանված չափորոշիչներին։ Բացի այդ՝ չկար տարբերակների դիմաց համարակալման համակարգ։
«Մեր գլխավոր զայրույթն այն է, որ առարկաներից միայն ռուսաց լեզվի թեստն էր կառուցվածքային սխալներով։ Օրինակ, պետք է գրված լիներ՝ գտեք երեք ճիշտ կամ երեք սխալ պնդումը, կամ՝ պատասխանը։ Մեզ մոտ դա չկար․ գրված էր՝ գտեք այն նախադասությունները, որոնք և այլն և այլն․․․․ու համարակալում չկար․ պիտի լիներ՝ 7 կամ 9 խմբերի համար համարակալում, որպեսզի տեսնողը հասկանար՝ ինչ է պետք անել։ Օրինակ, ես սխալներ արել եմ դրանց մեջ․ 9 նիշը չեմ տեսել, մտածել եմ՝ 7 նիշանոց առաջադրանք է։ Եվ քանի որ կասկածելով եմ առաջադրանքները կատարել, սխալ են եղել»,- ներկայացրեց Սրապյանը։
Հարցին՝ արդյոք միտում տեսնո՞ւմ եք, թե՞ չիմացության հետևանք է այդ ամենը, մեր զրուցակիցն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ ուզում հավատալ, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինչ-որ միտումնավոր բան լինի, ընդամենը ուզում եմ հասկանալ՝ կազմողնե՞րն են անգրագետ, թե՞ իսկապես միտում կա»։
«Թող իրենց սխալներն ընդունեն, որ թեստի հրահանգները ճիշտ չեն եղել, ինչի պատճառով էլ միավորներ ենք կորցրել։ Գոնե վերականգնեն, որ մեզ շատ վիրավորված չզգանք»,- ասաց ուսուցչուհին՝ 200 ուսուցիչների անունից պահանջելով վերականգնել արդարությունը։
Հրազդանի 11-րդ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նոնա Ժամհարյանը նույնպես զարմանք հայտնեց թեստի թերությունների հետ կապված։
«Ես անցած տարի անցել եմ կամավոր ատեստավորումը, գնացել էի որ բարձրացնեի միավորները, սակայն երբ տեսա թեստի բովանդակությունը շփոթմունքի մեջ ընկա։ Ուսուցիչներն, ովքեր դուրս էին գալիս՝ բոլորն այլայլված էին, չէինք կարողանում հասկանալ, թե որտեղից են վերցրել դա։ Չեմ վիճում՝ թեստը լուծելի էր, անհնար չէր լուծել, սակայն դրա համար անհրաժեշտ էր նախ և առաջ ժամանակ, երկրորդ՝ եթե ես այդ նախադասություններն արտագրեի, առնվազն 3 ժամ էր պետք, քանի որ շատ ծավալուն էին»,-
Oragir.News-ին պատմեց ուսուցչուհին։
Նա ասաց, որ թեև 200 հոգի են ստորագրել նախարարին և վարչապետին հասցեագրված դիմումի տակ, բայց մինչ այս պահը տարբեր դպրոցներից շարունակում են անուններ ուղարկել։
«Կարծում եմ բոլորն էլ կարող են վերցնել նայել և համեմատել թեստերը։ Բոլոր առարկաները, որտեղ պետք է եղել 9 տարբերակից 3-ն ընտրել, բոլոր առարկաներն անխտիր ունեցել են այդ ընտրելու հնարավորությունը, այսինքն ձևակերպումը ճիշտ է եղել։ Բայց չգիտես ինչու՝ այդ ձևակերպումը ռուսաց լեզվի դեպքում բացակայում է, և ստացվում է՝ ուսուցիչը պետք է գնար, նստեր էնտեղ և հաշվեր՝ քանի տարբերակ կա, և որոշեր այդ տարբերակներից քանիսը կարող էր ճիշտ լինել։ Արդարացի չէ այս մոտեցումը, և այս երևույթը ցույց է տալիս, որ խտրական վերաբերմունք ունեն»,- դժգոհեց Նոնա Ժամհարյանը։
Նա կարծիք հայտնեց, որ այսպես շարունակելու դեպքում նախարարությունն, ի վերջո, կհասնի այն կետին, որ գրագետ ուսուցիչները կգնան կամավոր ատեստավորման՝ կկտրվեն, աշխատանքից դուրս կգան, վերջում էլ դպրոցում կմնան միայն նրանք, ովքեր վախեցան, երբեք չփորձեցին իրենց ուժերը, որովհետև միշտ կասկածում էին իրենց գիտելիքների վրա։
«Ինձ թվում է՝ այս փաստը նույնպես պետք է հաշվի առնի նախարարությունն այսքան «կոպիտ» թեստ կազմելու ժամանակ, որովհետև էսպես որ գնա, չեմ կարծում դպրոցում մնա թեկուզ մեկ մասնագետ, ով գոնե կարողանում է իր առարկային նորմալ տիրապետել»,- նկատեց Ժամհարյանը։
Տեղեկացանք, որ վաղը դիմում-բողոքի վերջնաժամկետն է, և ԿԳՄՍՆ-ից տրվելու է պատասխան։
«Եթե պատասխանը գոհացուցիչ չլինի, մենք մինչև վերջ պայաքարելու ենք արդարությունը վերականգնելու համար»,- ասաց ուսուցչուհին։