Ներքին 9 ամիս առաջ - 09:15 01-12-2025

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս. Դավիթ Տոնոյան

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Հետեւելով մամուլում տեղ գտած արձագանքներին, ցանկանում եմ մի քանի շեշտադրում անել:

1. 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին եւ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին ծանոթանալը «քմահաճույք» չէ: Դա սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք է, որը ցանկանում եմ իրացնել՝ հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում:

Սահմանադրական օրենքով նախատեսված է, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ հանդես գալ արձանագրություններում փոփոխություններ կատարելու պահանջով, պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իմ դիրքորոշումն ամբողջությամբ:

2. Օրենսդրությամբ հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» ձևակերպումները, ինչպես նաև գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ակնարկները համարում եմ անհիմն և անընդունելի՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած իմ պաշտոնները։ Ավելին, եթե ես՝ ոչ միայն գործող պաշտոնյա չլինելով, այլև քրեական հետապնդման հետևանքով կալանավորի կարգավիճակում գտնվելով, մասնակցել եմ քննիչ հանձնաժողովի նիստին, ապա այսօր ինչպե՞ս կարող է որևէ սահմանափակում կիրառվել իմ նկատմամբ։

Ինչպես ներկայացրել եմ ս.թ. սեպտեմբերին լույս տեսած «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության մեջ, քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու մասին որոշումը հեշտ չեմ կայացրել, այն երկար մտորումների արդյունք էր: Չնայած բոլոր վերապահումներին, որ ունեի այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, ի վերջո, որոշեցի մասնակցել՝ ցույց տալու մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ: Եվ երբ ինձ պաշտոնական գրությամբ փաստացի հայտնում են, որ զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, վերապահումներս միայն ամրապնդվում են:

3. Հանրային ակնկալիք կար, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը այս կամ այն ձեւով հանրության համար հասանելի կդառնա 2025թ. սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրերին: Սակայն վերը հիշատակված վերապահումները հաշվի առնելով՝ համաձայնություն տվեցի «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության պատրաստմանն ու հրապարակմանը, քանի որ չէի ցանկանում կաշկանդել հանրության հետ բաց խոսելու իրավունքս այլոց ոչ թափանցիկ նպատակներով: Վստահ եմ, որ գրքում շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել»։

4. Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ ս.թ. նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակիս: Հակառակ պարագայում ոչ իմ, եւ ոչ էլ, վստահ եմ, հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ