Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 17:35 29-11-2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Ամենայան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Իր քարոզում պատարագիչ Սրբազան Հայրը, անդրադառնալով Հայոց առաջին լուսավորիչների տոնի խորհրդին, ընդգծեց․ «Առաքյալները Հայաստան չեկան զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային փառքի խոստումներով։ Նրանք եկան Հիսուս Քրիստոսի և Իր թագավորության հույսով ու սիրով։ Եվ այդ Ավետարանը ծնեց առաջին քրիստոնյա ազգը։ Սա մեր իրական գանձն է, սա մեր ժառանգությունն է և սա է Հայաստանի հոգին»։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին Դանիել եպիսկոպոսն ընդգծեց, որ դարերի ընթացքում հայ ժողովուրդը պահել է իր ինքնությունն ու պահպանել Սուրբ Եկեղեցին, ոչ թէ ուժով, այլ միասնական պայքարով, համատեղ տառապանքով ու հավատքով։

«Մենք պահել ենք միմյանց անապատներից մինչև աքսորներ, մինչև ցեղասպանութիւն, մինչեւ լուռ հալածանքներ։ Մենք չենք ապրել որովհետև ուժեղ էինք, այլ որովհետև մեկ մարմին էինք՝ մեկ Եկեղեցի, մեկ աղոթք, մեկ տեսիլք, մեկ հույս՝ խաչյալ և հարություն առած Քրիստոսով։
․․․Մեր առաքյալներն այսօր հիշեցնում են, որ երկրի հույսը քաղաքական հաղթանակները չեն, այլ հոգևոր հարութիւնը և սրբությամբ ապրելը»,- ասաց Դանիել եպիսկոպոսը՝ հորդորելով ներկաներին ապաշխարել, քննել իրենց սրտերը, մերժել բաժանման թույնը և միմյանց վերաբերվել իբրև Հիսուս Քրիստոսի մարմնի անդամներ։
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել