Ներքին 6 ամիս առաջ - 16:30 28-11-2025

ՀՀ-ում հրդեհները խժռում են անտառները՝ կենդանիներին ուտելիք չթողնելով

Անտառային վերջին հրդեհները Հայաստանում անդրադարձել են նաև կենդանական աշխարհի վրա։ Կրակը ոչնչացրել է կենդանիների տունը, սնունդը։ Հրդեհից փախչող արջի և քոթոթների տեսանյութը ցնցող տպավորություն է թողել հանրության վրա։

Միջազգային ուսումնասիրությունների համաձայն՝ անտառային կրակը կարող է մի ժամում մինչև 10 կիլոմետր տարածք այրել։ Այսպիսի պայմաններում կենդանիները հաճախ փրկվելու համար փորձում են փախչել, թաքնվել, անվտանգ տարածքներ տեղափոխվել։ Բայց ոչ բոլորն են փրկվում։ Առավել խոցելի են ձագերով, հիվանդ ու ծեր կենդանիները։ Երբ անտառում այլևս չկա խոտ, ջուր կամ անվտանգ վայր, կենդանիները ստիպված են մոտենալ մարդկանց բնակավայրերին՝ փրկվելու կամ սնունդ գտնելու համար։ Նրանք չեն գալիս մարդկանց վախեցնելու․ պարզապես կորցրել են իրենց տունը։

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը շրջել է անտառով և ոչ մի մեծ կենդանու այրված չի տեսել, այդ թվում՝ շնագայլի կամ աղվեսի:

«Հրդեհները շատ քիչ են հասել անտառներին, միայն մեծ քանակությամբ վերացրել են փոքր կենդանիներին և տարբեր տեսակի միջատներին»,- ասաց բնապահպանը,

Անդրադառնալով համացանցում տարածված արջերի մասին հոլովակին, որը ներկայացվում է որպես հրդեհից փախուստ, բնապահպանը նկատեց․

«Անտառային մյուս կենդանիների վրա ավելի շատ կազդեն մարդիկ։ Համացանցում տարածված տեսանյութում արջերը փախչում էին մարդկանց մեծ քանակից, որովհետև հրդեհները նոր-նոր էին հասել անտառներին։ Դիլիջանի ազգային պարկում մի քանի տեղ արջ կա, որոնց վրա ոչ մի լուրջ ազդեցություն չի թողել հրդեհը»:

Գոռ Հովհաննիսյանը նշում է նաև, որ եղնիկներից շատերը հոտից փախել են անտառի խորքեր ու արդեն պիտի վերադարձած լինեն. «Բնադրող թռչունները, որոնք չվող տեսակների չեն՝ ծառերի վրա են, ու հրդեհը ծառերին չի հասել: Իսկ այն տեսակները, որոնք չվող են, հիմա այստեղ չեն, իսկ երբ կվերադառնան՝ անտառը նորից կանաչով ծածկված կլինի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է՝ հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել 911։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 27-ին Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Տավուշի այրված տարածքներ, զգուշացրել, որ հրդեհներից հետո վայրի կենդանիները կարող են հայտնվել գյուղերի ու քաղաքների եզրերին, և քաղաքացիները նման դեպքերում պետք է անմիջապես տեղեկացնեն համապատասխան ծառայություններին, որ պաշտպանված լինեն թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները։