Ուղիղ եթեր
Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:45 28-11-2025

Ի՞նչ են խոսել եպիսկոպոսները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ

Նոյեմբերի 27-ին մի խումբ եպիսկոպոսների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ հանրային տարբեր արձագանքներ է ստանում։ Ոմանք լավատեսություն են հայտնում, թե այս երկխոսությամբ հնարավոր կլինի մեղմել ՔՊ-ական ատելությունը եկեղեցու և հոգևորականների դեմ։ Ոմանք էլ հանդիմանում են Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներին, որոնք այս հանդիպումից հետո հանդես չեկան համատեղ հայտարարությամբ ու չխոսեցին իրենց կալանավորված եղբայրների ազատ արձակման մասին։

Հիշենք, որ այս պահի դրությամբ կալանավորված է մնում Բագրատ Սրբազանը։ Նրան ներկայացված մեղադրանքները չեն ապացուցվում։ Ազատազրկված է Միքայել Սրբազանը հրապարակավ կարծիք հայտնելու համար։ Կալանավորված է նաև Մկրտիչ Սրբազանը՝ Գարերգին Բ-ի ազգականը։

Եպիսկոպոսաց աղմկահարույց հայտարարություն տարածած 13 եպիսկոպոսները վրդովմունք էին հայտնել Արշակ Սրբազանի վարքի վերաբերյալ և ակնկալել կաթողիկոսի կողմից համարժեք որոշումներ այդ առումով։ Այստեղ 13 եպիսկոպոսները սկզբունքայնություն են դրսևորել, տպավորություն ստեղծել, թե արդարներ են, անարդարության հետ չեն կարող հաշտվել։

Բայց չէ՞ որ բազմաթիվ այլ անարդարություններ կան երկրում։ Եթե ակնհայտ 1-2 անարդարություն կա եպիսկոպոսների վարքում, ապա բազմաթիվ անարդարություններ կան Փաշինյանի որոշումների արդյունքում։ Բագրատ, Միքայել, Մկրտիչ սրբազանների ազատ արձակման հարցն ամենամտահոգիչը պետք է լիներ եպիսկոպոսների համար, քանի որ վաղը նրանք կարող են հանիրավի հայտվել ճաղերի հետևում։ Հետևաբար՝ հանրությունը բնական ակնկալիք ուներ, որ եպիսկոպոսները Փաշինյանի հետ հանդիպելու նախապայման կառաջադրեին։ Այսինքն՝ կասեին, թե կընդունեն վարչապետի հրավերը, եթե ազատ արձակվեն իրենց եղբայրները՝ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանն ու Մկրտիչ Սրբազանը։

Սակայն մի խումբ եպիսկոպոսները նախապայման չառաջարկեցին, այլ ընդունեցին վարչապետի հրավերն ու հանդիպեցին վերջինիս հետ։ Ակնկալվում էր, որ մի խումբ եպիսկոպոները, որոնք Եպիսկոպոսաց ժողովից հետո հանդես էին եկել սկզբունքային հայտարարությամբ, Փաշինյանի հետ հանդիպումից հետո ևս հանդես կգային համատեղ հայտարարությամբ ու հաստատ կմնային արդարության պաշտպանության դիրքերում, կցրեին հանրային կասկածները, թե Փաշինյանի գործիք են դարձել, կապացուցեին, որ արդար են։

Սակայն մի խումբ եպիսկոպոսները Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդես չեկան համատեղ հայտարարությամբ։ Նույնիսկ խուսափեցին լրագրողներին պատմել, թե ինչ են քննարկել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Նրանց խորհրդավոր լռությունը հիմք տվեց կասկած հայտնելու, թե նրանք Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ չեն խոսել իրենց եղբայրներին ազատելու մասին։

Ինչո՞ւ Եպիսկոպոսաց ժողովից հետո նրանք անվարան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, իսկ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո՝ ոչ։ Գուցե Փաշինյանի հետ հանդիպումն այդքան անկարևոր, անբովանդակ է անցել, որ մի խումբ եպիսկոպոսները նույնիսկ չեն էլ հասկացել, թե ինչի՞ մասին է այդ հանդիպումը, ի՞նչ են քննարկում, ի՞նչ է իրենցից ակնկալում Փաշինյանը։

Հանրային ասեկոսե է շրջանառվում, թե հանդիպման ժամանակ Փաշինյանը եպիսկոպեսներին սպառնացել է, շանտաժի ենթարկել, վերջիններս էլ վախեցել են։ Այդ պատճառով վախեցած եպիսկոպոսները Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն չեն արել ու խուսափել են խոսել հանդիպման մասին, որ ժողովուրդը չիմանա, թե իրենց շանտաժի են ենթարկում։

Մեկ այլ վարկածով էլ ենթադրվում է, թե Փաշինյանի և մի խումբ եպիսկոպոսների հանդիպման ժամանակ ապապետական, հակաժողովրդական բաներ են քննարկվել։ Եվ այդ պատճառով եպիսկոպոսները ամաչել են խոսել այդ քննարկման մասին։

Մի խոսքով՝ հավատացյալ ժողովուրդն իրավունք ունի տեղեկանալու, թե ի՞նչ են քննարկել եպիսկոպոսները Փաշինյանի հետ։ Եվ ամենակարևորը՝ խոսե՞լ են իրենց եղբայրների՝ Բագրատ, Միքայել, Մկրտիչ սրբազաների ազատ արձակման մասին, թե՞ միայն Արշակ Սրբազանի սեռական վարքն են քննարկել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր