Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 20:05 27-11-2025

Սոցապը միայնակ կնոջը զրկել է երեխայի խնամքի նպաստից․ նա պահանջում է վերականգնել այն

Oragir.News լրատվականին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Անի Ալվանդյանը՝ նշելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զրկել է իրեն երեխայի խնամքի նպաստից։

Մեզ հետ զրույցում Անի Ալվանդյանը պատմեց, որ վարձով է ապրում Հանրապետության 37 շենքի, բնակարան 15-ում, միայնակ մեծացնում է իր 6 տարեկան դստերը, գտնվում է սոցիալական ծանր վիճակում։ Երեխան, որպես միակողմանի ծնողազուրկ, ստանում է նպաստ, որով նվազագույն կարիքներ է հոգում։

«Ծնված օրվանից պարտաճանաչ ստացել եմ օրենքով հասնող երեխայի խնամքի նպաստը։ Երբ հերթական անգամ փաստաթղթերը ներկայացրեցի, որ թարմացնեն՝ հոկետմբերի նպաստը ստանամ, չտվեցին։ Աշխատողն ասաց՝ կա՛մ մեր առաջարկած աշխատանքը պետք է ընդունեք, կա՛մ էլ այս թղթի մեջ եկամուտի չափ գրեք։ Ասացի՝ ինձ ձեր առաջարկած աշխատանքը ձեռք չի տալիս, որովհետև ես չեմ կարող հիմնական աշխատել, քանի որ իմ բալիկը իմ խնամքի տակ է։ Ես գնում եմ, տներ եմ մաքրում՝ երեխային էլ հետս տանում եմ։ Միևնույն է, այդ աշխատողը գրել տվեց եկամուտ՝ 50 հազար դրամ, որից հետո, հոկտեմբերից նպաստը կտրեցին»,-մանրամասնեց միայնակ կինը։

Վերջինը պատմեց, որ ոչ միայն երեխայի խնամքի ամենամսյա նպաստն են կտրել (28 000 դրամ), այլև դպրոցական նպաստը՝ 25 000 դրամը։

«Ես ընդամենը պահանջում եմ վերականգնել իմ երեխայի խնամքի նպաստը, որն ինձ օրենքով է հասնում, որովհետև այդ գումարով եմ իր խնդիրները լուծում»,- ասաց նա։

Անի Ավդալյանը 11 տարի է՝ վարձով է բնակվում Արմավիրում։ Երեխան միակողմանի ծնողազուրկ է, կրում է իր ազգանունը, գրանցված է Արմավիրի Քաղաքացիական ակտերի բաժնում։

Թե ինչ են պատճառաբանել՝ կտրելով նպաստը, մեր զրուցակիցն ասաց՝ որովհետև թղթաբանության մեջ եկամուտ է նշել։

«Ինձ ասացին, որ նպաստի միավորները պակասել է, դրա համար էլ կտրել են։ Ես էլ ասացի, որ ձեր աշխատողն է ինձ էդպես խորհուրդ տվել, որպեսզի ընտրեմ տարբերակներից մեկը։ Ինձ իր առաջարկած տարբերակը ձեռք չի տվել»,- պատմեց Ալվանդյանը։

«Հոկտեմբերի նպաստը չեն տվել, շուտով նոյեմբերն էլ կգումարվի։ Երկու ամսվա տան վարձն էլ չեմ տվել»,- մտահոգվում է մեր զրուցակիցը։

Իսկ թե ոնց է այս անապահով ընտանիքը ձմռանը գոյատևելու, անորոշ է։

Oragir.News-ը, սույն խնդրի հետ կապված, բնականաբար, պարզաբանում կստանա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։