«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի ներկա ներքաղաքական զարգացումները փաստացի վերածվել են փակ մրցավազքի՝ երկու ամբողջությամբ փոխկախյալ համակարգերի միջև։ Նրա խոսքով՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու նախկին նախագահների կազմած քաղաքական բլոկը տարիներ շարունակ պահում են երկիրը փակ շղթայի մեջ։
Թաթոյանը ընդգծեց, որ այս երկու համակարգերն առանց իրար գոյություն չեն կարողանում տալ և ընդհակառակը՝ ամրապնդում են միմյանց։
«Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։ Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են, մեկ այլ խումբ մարդիկ էլ անկարողներ են, որոնք ուղղակի եկել են առկա խնդիրները լուծելու, բայց դրանք ավելի են խորացնում։ Մեր քաղաքական դաշտը 2 թև ունի՝ Նիկոլ Փաշինյանը և նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել նախկին նախագահների ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, հիմա էլ երկիրը գտնվում է ատելության և թշնամանքի փակ շղթայում»,– ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ այս համակարգը ոչ միայն չի լուծում երկրի անվտանգության խնդիրները, այլև խորացնում է վտանգները.
«Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելառուս, մյուսը՝ ցանկանում է Հայաստանը դարձնել Ադրբեջանի վիլայեթ։ Սա արդեն աբսուրդի հասնող գործընթաց է»։
Թաթոյանը անդրադարձավ նաև հակասական հայտարարություններին, որոնք հնչում են քաղաքական երկու բևեռներից՝ դրանք անվանելով «պետական շահերին հակասող»։
«Մեկ կողմը հայտարարում է, թե պատերազմը հրահրել է Փաշինյանը, մյուս կողմը ասում է՝ ինչու են մեր զինվորները ծառայում երկրի սահմաններից դուրս։ Երկուսն էլ վնասում են պետական շահերին և հարվածում երկրի դիրքորոշմանը»։
Նա ընդգծեց, որ այս խորը քաղաքական ճգնաժամի հետևանքով երկրի 60–70 տոկոս քաղաքացիներ այլևս չեն մասնակցում կարևոր որոշումների կայացմանը.
«Մարդիկ հուսահատության մեջ են, չեն գնում ընտրությունների։ Ես հավակնում եմ դառնալ հենց նրանց ձայնը»։
Թաթոյանը հայտարարեց, որ նպատակ ունի «կտրելու և ճեղքելու» տարիներ շարունակ ձևավորված փակ համակարգը.
«Վերջին հինգ տարիները այս համակարգը թունավորել է Հայաստանի քաղաքական կյանքը։ Մենք եկել ենք դառնալու այն մարդկանց ձայնը, որոնք դուրս են մղվել որոշումների կայացումից»։
Վաղարշապատի ընտրություններին անդրադառնալով՝ նա նշեց, որ այնտեղ տեղի ունեցածը ևս քաղաքական համակարգի ձախողման հետևանք էր։
«Քաղաքացիները մեզ ասում են՝ կամ գործ ունենք գողերի հետ, կամ անկարողների։ Վաղարշապատի դեպքը դրա դրսևորումներից մեկն էր։ Ով որքան ձայն հավաքեց՝ դա երկրորդական է։ Փաստն այն է, որ ՔՊ-ն՝ Փաշինյանի ղեկավարությամբ, իշխանություն է ձևավորում նույն մեխանիզմներով»,– ընդգծեց Թաթոյանը։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարը նշեց, որ եթե պաշտոնաթող նախագահներն ուզում են Փաշինյանը չհաղթի, պետք է դուրս գան 2026թ. ընտրապայքարից․ «Պարոնայք նախագահներ, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին։ Ժողովուրդը հստակ տվել է այս հարցի պատասխանը՝ նախկին նախագահները չեն կարող մասնակցել ընտրություններին, իսկ իրենք մասնակցում են։ Սա նշանակում է, որ իշխանության ձեռքին գործիք ու ռեժիմի մի մաս են դառնում։ Քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա, որովհետև միշտ լինելու է նախկին, ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում»։
Նրա խոսքով՝ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին, քանի որ նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն հարմար ընդդիմություն։
Ելույթի վերջում էլ Թաթոյանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի հունվարի 15-ին, նշելով, որ կարող է իր հետ բերել նաև Պետրոս Ղազարյանին։