«Մի քանի խոսք հայերի անվերջ միամտության մասին, որը նրանց երկիրը հասցրել է աղետի: Վերջին օրերին շատ հայեր հանդես են եկել ռուս բլոգեր և գործարար Արտեմի Լեբեդևին աջակցությամբ, որի մուտքը Հայաստան, իբր, մերժվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անձնական հրամանով: Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը տարօրինակ պատմություններ են հաղորդում, պնդելով, որ Արտեմի Լեբեդևի և Ալեն Սիմոնյանի միջև վեճ է սկսվել այն մասին, թե արդյոք կոնյակը համարվում է հայկակա՞ն, թե՞ ֆրանսիական»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով Լեբեդի շուրջ բարձրացած աղմուկին։
Լապշինի պնդմամբ՝ ամենատարօրինակն այն է, որ Լեբեդևի մուտքն անգամ տեխնիկապես չէր կարող մերժվել, քանի որ նա երբեք չի այցելել Երևան:
Նա կարծում է, որ այս պնդումները ճիշտ նույն ժանրի հեքիաթներ են, ինչպիսին իր՝ ԿՀՎ-ի և Մոսադի գործակալ լինելու պնդումները, կամ այն ասեկոսեները, թե իբր մարսեցիները թաքնվում են Երևանի Կասկադի տակ:
Միևնույն ժամանակ Լապշինը Լեբեդևի մասին մի պատմություն է հիշեցրել, որի մասին «բարի և միամիտ» (ընդգծումը Լապշինինն է-խմբ․) հայերը մոռացել են։
«2010 և 2011 թվականներին նա այցելել է Արցախ (Լեռնային Ղարաբաղ), և պատահաբար մենք հանդիպեցինք միմյանց Ստեփանակերտի փողոցում։ Ոչ, մենք միասին չենք ճանապարհորդել և չէինք պլանավորել հանդիպել, բայց մենք ճանաչում էինք միմյանց առցանց, քանի որ այն ժամանակ երկուսս էլ հայտնի բլոգերներ էինք։ Մեր զրույցը կարճ էր՝ մի քանի րոպե։ Մենք մտքեր փոխանակեցինք այն մասին, թե ինչպես բարձրանալ Աղդամի մզկիթի մինարեթը, քանի որ ես այնտեղ եղել էի մեկ օր առաջ, իսկ նա պլանավորում էր դա անել հաջորդ օրը։ Հետո անցավ մի քանի տարի, և հանկարծ Արտեմի Լեբեդևը հրապարակում գրեց, որ ինքը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, և որ այժմ կարող է կորցնել շատ կարևոր պայմանագիր՝ ադրբեջանական պետական ընկերության հետ՝ կապված Բաքվում ինչ-որ օբյեկտի դիզայնն իրականացնելու հետ։ Լեբեդևի հետ մենք ևս մեկ կարճ զրույց ունեցանք, որի ընթացքում քննարկեցինք այս հարցը (նա պատրաստվում էր ներողություն խնդրել Ադրբեջանից, որպեսզի իր անունը հանվի «սև ցուցակից» և վերականգնվի նրա առևտրային պայմանագիրը), և ես նրան անկեղծորեն ասացի. «Իմ կարծիքով, դու չպետք է նվաստանաս Ադրբեջանի իշխանությունների առջև և չպետք է ներողություն խնդրես նրանցից՝ Ղարաբաղ այցելելու համար: Դու բլոգեր ես, և դու դա արել ես, բայց դու կարող են ուրիշ տեղ գումար վաստակել՝ առանց Ադրբեջանի միջամտության»:
Լապշինի պնդմամբ՝ Լեբեդևն այնուհետև իրեն գրել է, որ ադրբեջանցիները իրեն նվաստացնելու արժանիք չունեն, սակայն օրեր անց վերջինս հրապարակային ներողություն է խնդրել Իլհամ Ալիևից՝ «Քեռի, ներիր ինձ, ես հիմար եմ» վերտառությամբ․ «Սա բառացի մեջբերում է: Այնուհետև նա երկար տեքստ գրեց Ղարաբաղի նախնադարյան ադրբեջանական հողերի և հայ օկուպանտների մասին, որոնք, իբր, նրան այնտեղ են գաղթակղել են՝ խաբելով: Դուք կարող եք հեշտությամբ գտնել այս նամակը առցանց. պարզապես Google-ում որոնեք «Արտեմի Լեբեդևը ներողություն խնդրեց Ադրբեջանից»:
Դրանից հետո ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները ուրախությամբ հաղորդեցին, որ Արտեմի Լեբեդևը զղջացել է իր «հանցագործությունների» համար (այցելել է Ղարաբաղ) և, հետևաբար, անմիջապես «ներում» է ստացել Իլհամ Ալիևից։
Այնուհետև Լեբեդևն անմիջապես մեկնել է Բաքու, որտեղ նրան ընդունել են բավականին բարձր մակարդակով, և նրա առևտրային պայմանագիրը ոչ միայն չի չեղարկվել, այլև ընդլայնվել է։ Լեբեդևն ինքը գրել է այս մասին իր բլոգում»։
Լապշինը հավելել է, որ երբ ես 2016 թվականի դեկտեմբերին Բելառուսում Ադրբեջանի խնդրանքով անօրինական կերպով ձերբակալվել էր Արցախ այցելելու համար, Լեբեդևը խուսափել էր իրեն աջակցություն հայտնելուց՝ ասելով, որ դա իր խնդիրը չէ։
«Եվ հիմա, բարի և միամիտ հայերը, շարունակում են պաշտպանել Արտեմի Լեբեդևին և նրա՝ առևտրային պայմանագրեր կնքելու իրավունքը ոչ միայն Բաքվում, այլև Երևանում»,- եզրափակել է նա։