«200 բնակիչ ունցող Ալվանքի դպրոցն ուզում են փակել։ Շատ ծնողներ ասել են՝ Աստված մի արասցե, եթե դպրոցը փակվեց, մենք բնակավայրում չենք մնալու, բնակավայրը դատարկվելու է»,-
Oragir.News-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին Ալվանքի բնակիչները, ինչպես նաև նշված դպրոցի ծնողները։
Ալվանք բնակավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։ Տեղաբնակները սիրում են իրենց գյուղը, կապված են նրան ընդհանուր անցյալով, ներկայով, ապագայով։ Այստեղից դուրս չեն պատկերացնում իրենց կյանքը։
«Վերջ ի վերջո, մենք քարը հող ենք դարձրել՝ ծառ տնկել, որ մեր երեխայի ապագան ապահովենք։ Ես ինքս բնիկ ալվանքցի չեմ, դրսից եմ եկել Մեղրի հարս ու Մեղրիից տեղափոխվել եմ Ալվանք, և այնտեղ իմ երեխայի բարեկեցությունն եմ ապահովում։ Ես Մեղրի քաղաքում ունենալով տուն՝ շարունակում եմ ապրել Ալվանքում, որովհետև ես Ալվանքում արարում եմ»,- պատմում էր բնակիչներից մեկը։
Տեղի բնակիչները 35 տարի առաջ Սումգայիթյան կոտորածներից փախել են, եկել էստեղ, տուն դրել, հիմա ո՞ւր տեղահանվեն, տարակուսում են
Oragir.News-ի զրուցակիցները։ Նրանք նշում են, որ դպրոցի փակման մասին ԿԳՄՍՆ-ի որոշումը կա, բայց դեռ հրամանը ստորագրած չէ։ Գյուղի բնակիչները պայքարում են, որ դա տեղի չունենա։
«Գյուղը զարգացող և աճող գյուղ է։ Մենք ունենք 40 աշակերտ դպրոցում, 13 երեխա՝ մանկապարտեզում, չհաշված՝ մինչև մանկապարտեզային տարիքի երեխաներ էլ ունենք։ Ունենք 15 չամուսնացած երիտասարդ տղաներ, որոնց յուրաքանչյուրի ամուսնանալու դեպքում՝ 15 անդամով ավելանալու են ընտանիքները։ Դրսից մարդիկ էլ են ուզում գալ, հաստատվել, բնակավայրը շենացնել։ Բայց եթե դպրոցը փակվի՝ էլ չեն գա։ Եթե դպրոցը փակվի՝ մանկապարտեզն էլ է փակվելու»,- ասում են նրանք։
Բնակիչների խոսքով՝ դպրոցի փակվելուց հետո երեխաներին ուզում են տեղափոխել Շվանիձոր համայնք, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների՝ կրթահամալիր են կառուցում։ Այդ դեպքում, երեխաները ստիպված են ամեն օր կողքի գյուղ գնալ։
«Ճիշտ է, ճանապարհը կարճ է, բայց ծնողները չեն ցանկանում տանել իրենց երեխաներին հասցնել ուրիշ գյուղ։ Նրանք ասում են՝ չենք ուզում, որ երեխաները մեր աչքից հեռու լինեն»,- ասում է ալվանքցի մեկ այլ բնակիչ։
Oragir.News-ի հարցին՝ արդյոք փորձե՞լ են հանդիպել նախարարի հետ, ներկայացնել իրենց հուզող հարցերը, նրանք հայտնեցին, որ մարզպետի հետ են փորձել հանդիպել։ Վերջինս խոսք է տվել՝ գալ, քննարկել այդ հարցը։
«Եթե մարզպետը չգա, մի քանի ծնողով մենք ենք գնալու իր մոտ։ Մենք չենք լռելու․ դիմելու ենք բոլոր ՀԿ-ներին և միջազգային կառույցներին»,- եզրափակեցին
Oragir.News-ին ահազանգած ծնողները։