Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել բրիտանական «UCL Consultants Limited» ընկերությանը «Ակադեմիական քաղաք» ծրագրում ներգրավելու որոշմանը։ Ընկերությունը հինգ տարվա ընթացքում խորհրդատվական ծառայություններ կմատուցի կրթական կլաստերի ձևավորման համար, որի ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 3,3 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ավելի քան 8,59 միլիոն ԱՄՆ դոլարի։
«Այդ գումարի միգուցե 1 քառորդով կարելի էր ստանալ հայկական լուրջ փորձագիտական խումբ, ոչ թե դրսի մի տեղից, այլ ամբողջ աշխարհի թոփ փորձագետներով, ովքեր հիմա ամենաառաջատար հետազոտություներն են անում, նոր տարբերակներ են մշակում և այլն»,-
Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար մեկ անձից գնում կատարելը արդյոք մենաշնորհ չէ՞։
«Իրանակում, երբ մեր կառավարությունը նման մեծ ծրագրի տակ է մտնում, պետք է կարողանա վերահսկել՝ ինչպես են դա իրականացնում։ Այսինքն՝ մեթոդական, կազմակերպչական հսկայական աշխատանքների կարիք կա, որոնք լուրջ լուծումներ են պահանջում։ Մեկը չկա, որ կարող է հասկանալ, թե արհեստական բանականության նոր դարաշրջանում ի՞նչ տիպի կրթություն պետք է ապահովել։ Որևէ տեսանկյունից նման գնումներ կատարելը և դրսից փորձագետ բերելը ես ճիշտ չեմ համարում»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ պետք էր տիտանական աշխատանք կատարել փորձագետներ ընտրելու ուղղությամբ, որոնք միգուցե վաղը շատ հետաքրքիր լինեին հենց նույն Բրիտանիայի համար։
«Մենք ունենք Հայաստանում բազմաթիվ փորձագետներ, որոնք աշխատում են շատ լուրջ պրոյեկտների վրա։ Եթե պակասություն են անում այդ մարդիկ, ու հնարավոր է, որ այդպիսի տարբերակներ լինեն, այդ ժամանակ, իհարկե, պետք է գտնել աշխարհում ամենաառաջնային դիրքերում գտնվող այնպիսի փորձագետների, ովքեր հաճախ ավելի հասանելի են լինում, քան թե որևէ ընկերություններ։ Ընդամենը պետք էր՝ հատ-հատ գտնել այն մարդկանց, ովքեր կլրացնեին հայկական խումբը»,- նկատեց փորձագետը։
Վերջինիս կարծիքով՝ դրսի ընկերությունը կգա, իր գործը կանի, կգնա։ Իսկ հետո, թե ինչպես ենք ներսում այդ ամենն աշխատացնելու, անհասկանալի է։
«Շատ ավելի ճիշտ է լինում, երբ դու Հայաստանում քո լավագույն ուժերը մոբիլիզացնում ես մի նպատակի համար, և ըստ անհրաժեշտության, ավելացնում ես աշխարհի թոփ փորձագետներին էս ոլորտների հետ կապված։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա շատ ավելի էժան կնստի, քան թե մի ընկերությունից գնում կատարելը, իսկ արդյունքում չես ստանում այն, ինչ քեզ պետք է»,- ասաց Արեգ Թադևոսյանը։