«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ միջանցքներում վերջին օրերին նկատելի է լարվածություն. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ բացահայտ կամ քողարկված դժգոհություն են արտահայտում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հասցեին։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը օրերս անգամ տեսախցիկների առաջ պահանջեց, որ դատախազն անձամբ ներկայանա Ազգային ժողով եւ ներկայացնի դատախազության բյուջեի կատարողականը։ Եվ միակ մարդը, որ փորձեց պաշտպանել Աննա Վարդապետյանին ու արդարացնել նրա բացակայությունը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրով Արագածոտնի թեմի բոլոր հոգեւորականներին ՀՀ Քննչական կոմիտե կանչած քննիչը այլեւս չի հետաքրքրվում այդ գործով: Նոր ծանուցումներ չկան, իսկ հոգեւորականների՝ քննչական գնալու պատրաստակամությունը փաստացի մերժվում է: Հիշեցնենք, որ շաբաթ օրը հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգեւորականներ հայտարարության միջոցով տեղեկացրին, որ 19 քահանայի եւ 2 սարկավագի փոխանցվել են Քննչական կոմիտեի ծանուցագրեր կիրակի օրը՝ ժամը 9։00-ին, հարցաքննությանը ներկայանալու պահանջով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության թիվ N 702-Ն որոշման համաձայն՝ նոյեմբերի 1-ից՝ այսօրվանից, ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլեւս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաեւ այլ տեղեկություններ՝ բացառությամբ սահմանահատման վերաբերյալ ինֆորմացիայի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցում ներկայացրել էր որոշման հիմնավորումները. «Կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաեւ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի թեմի հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը իրավապահ մարմինները մինչեւ այժմ չեն վերադարձրել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են հոգեւորականների պաշտպանները։ Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Ամեն աշուն Վրաստանից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ արքայանարինջ՝ կորոլյոկ։ Չնայած Հայաստանում աճեցված արքայանարինջն ավելի համեղ է՝ ավելի արեւային, սակայն Վրաստանում աճեցրածը, գնի էժանության առումով, մեր տեղականի նկատմամբ առավելություններ ունի։ Վրաստանի շատ տարածքներում մեծ քանակությամբ արքայանարինջ են աճեցնում, բայց այստեղ ոռոգման համար արվող ծախսերը Հայաստանի համեմատ շատ քիչ են, եւ հողագործին ձեռնտու է կորոլյոկ աճեցնելը։ Վրաստանի Մառնեուլիի շրջանի եւ Նոյեմբերյան համայնքի այգիները Դեբեդի հովտում են գտնվում եւ Դեբեդ գետի ջրով են ոռոգվում։ Նոյեմբերյանցի այգեգործներն ասում են, որ 1 հեկտարի հաշվով մեկ ոռոգման գինը Հայաստանում մոտավորապես կազմում է 10-15 հազար դրամ, իսկ Դեբեդի մյուս ափին՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանում նույն չափերով հողատարածքի մեկ ոռոգման ծախսը 6-7 հազար դրամին համարժեք լարի է։ Ի դեպ, Մառնեուլիի շրջանը հիմնականում ադրբեջանաբնակ է»։
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստում մասնակցում էր բյուջեի նախագծի քննարկումներին։ Նախկինում, երբ նա խորհրդարան էր գալիս, ՔՊ խմբակցությունից մի խումբ պատգամավորներ հատուկ հանդիսավորությամբ Ավինյանին ուղեկցում էին դահլիճ, մասնակցում նիստին: Իսկ երեկ Ավինյանը, կարելի է ասել, մեն-միայնակ էր մնացել, գրեթե կիսադատարկ դահլիճում ներկայացնում էր իր ղեկավարած հիմնարկին հատկացվող բյուջեի մասը, ապա միայնակ էլ հեռացավ՝ չպատասխանելով անգամ լրագրողների հարցերին։ Դահլիճում, մարզպետներից բացի, ՔՊ ֆրակցիայից հաշված մարդիկ էին ներկա՝ Սերգեյ Բագրատյանը, Զարուհի Բաթոյանը եւ Արտյոմ Մեհրաբյանը»։
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «ՀՀ ներքին գործերի համակարգում նախարար Արփինե Սարգսյանի դեմ ձեւավորված ոչ բարյացակամ մթնոլորտի պատճառներից մեկն էլ, պարզվում է, նախարարի ամուսինն է՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը։ ՆԳՆ հնաբնակները կատակում են, թե իրականում Արշակը ՆԳՆ կադրերի բաժնի պետն է, նա է որոշում, թե «կլյուչեվոյ» պաշտոններում ում նշանակի, ում ազատի։ Մինչեւ անգամ խոսում են, որ եթե որոշ բարձրաստիճան ոստիկաններ ցանկանում են այլ պաշտոնի տեղափոխվել, «մարդ» են գտնում ոչ թե նախարարի, այլ ամուսնու մոտ բարեխոսելու համար»։