Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 30-10-2025

Օրակարգ․ Ռուսաստանն աջակցում է Փաշինյանի իշխանության պահպանմանը․ Հակոբ Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հակոբ Բադալյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանության և ընդդիմության շրջանում նկատվող տրամադրությունների, ընտրություններն արտահերթ անցկացնելու հնարավորության, արտաքին հնարավոր միջամտությունների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրականացվող արշավի նոր դրսևորումների և դրանց նպատակների, արևմտյան որոշ գործիչների կողմից գործող իշխանություններին ուղղվող քննադատությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հակոբ Բադալյանը նկատում է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Փաշինյանի իշխանության պահպանմանը։

«Հայաստանի ընտրական պրոցեսում հնարավոր կոշտ քայլերը, որ արդեն կատարվում են, մեծ հաշվով մենք տեսնում ենք այս ձերբակալությունները՝ ընդամենը մարդկանց խոսքերի համար, ընդ որում՝ մեղմ ասած այսպես խոսքերի, որոնք ոչ մի հանցակազմ իրենց մեջ չեն պարունակում, բայց մենք տեսնում ենք այդ գործողությունները, և դրանք հնարավոր է նաև ուժգնանան, նաև հիբրիդային այլ մեխանիզմներ կիրառվեն: Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունն ակնկալում է Սանդուից աջակցություն՝ այս հարցում եվրոպական տրամադրություններ ձևավորելու առումով, և եթե Սանդուն հայտարարում է, որ Ռուսաստանը կփորձի վերցնել իշխանությունը, ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ցանկացած մրցակցային հայտ՝ իշխանության հանդեպ, այդ տրամաբանության շրջանակում բնորոշվելու է Ռուսաստանի հայտ՝ վերցնել իշխանությունը Փաշինյանից:

Ես առիթ ունեցել եմ բազմիցս խոսելու, որ Ռուսաստանի այդ մտադրությունների մասին խոսակցությունը, որը նաև Հայաստանում շատ ներքին դերակատարներ և այլն ծավալում են, դա կեղծ և արհեստական խոսակցություն է: Ես կարծում եմ՝ հակառակը, Ռուսաստանը որոշակի այսպես ասիմետրիկ գործողություններում բազմիցս աջակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը, ամրապնդմանը և մեծ հաշվով շարունակում է այդ աջակցությունը ցուցաբերել՝ ելնելով, բնականաբար, իր շահերից, որովհետև խոշոր հաշվով այն, ինչ մինչև այսօր արել է Նիկոլ Փաշինյանը, տակտիկական մակարդակում գուցե հակասել է Ռուսաստանի շահերին, բայց Ռուսաստանի համար սա խնդիր չէ, և Մոսկվան բազմիցս՝ տարբեր կերպ ներկայացրել է, որ իր համար խնդիրը ռազմավարական ռիսկեր չստանալն է, որովհետև տակտիկական տրամաբանությամբ այն քայլերը, որն անում է պաշտոնական Երևանը այսօր, որոշակի առումով նաև օգտակար են Ռուսաստանի համար կամ շահեկան են Ռուսաստանի համար, որը զգալիորեն կորցրել էր, կամ նվազեցրել էր Կովկասում իր խաղի ինտենսիվության, համընդգրկուն լինելու և այլնի հնարավորությունները: Եվ այստեղ, երբ Հայաստանի իշխանությունը պատասխանատվությունը Ռուսաստանի վրայից հանում և տեղափոխում է օրինակ Արևմուտք՝ Եվրամիության վրա դիցուք այս դեպքում, սա ամենևին չի հակասում Ռուսաստանի մարտավարական շահերին»,- ասաց նա՝ համաձայնելով դիտարկման հետ, որ Ռուսաստանն այս պահին Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր չի հետապնդում։

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդդիմադիր 1 ճակատ ստեղծել։

«Գոնե առայժմ այդպես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտում ընթանում է դիրքավորման պայքար՝ հենց միմյանց միջև: Իհարկե, այդ պայքարի տակ մենք կարող ենք տեսնել նաև որոշակի ապակողմնորոշող, այսպես, պատկերավոր եթե նկարագրեմ, ապակողմնորոշող մարտավարություն՝ նաև իշխանության համար և իշխանության մոտ այս հանգամանքը, իմ գնահատմամբ, անհանգստություն առաջացնում է: Ինչու, որովհետև ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, համենայնդեպս իր խոսույթով և ներքաղաքական այդպես տրամաբանություն ձևավորելու միտումով, փորձում է ստանալ մեկ ճակատ՝ ընդդիմադիր մեկ ճակատ, ձևավորել մեկ այսպես հակառակորդ՝ այն պարագայում, երբ մենք տեսնում ենք ընդդիմությունը խաղում է տարբեր թևերով, տարբեր մոտեցումներով՝ հենց նույն Ձեր նշած ընտրությա՞մբ, թե՞ առանց ընտրության, այս խաղը ևս կարող է որոշակիորեն այդպիսի տրամաբանություն ունենալ։ Եվ սա նշանակում է, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ այդ մեկ ճակատը, սա նշանակում է, որ իր մոտ այս ապակենտրոն խաղը ընդդիմության որոշակի անհանգստություն առաջացնում է»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան