Նիկոլ Փաշինյանը կրկին փորձում է մոլորեցնել ու վախեցնել ժողովրդին, վերջինիս վրա բարդելով պատասխանատվությունը։
«2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետևյալն է կամ անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակը՝ Հայաստանը հետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ»,- հոկտեմբերի 27-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, պետությանը։
Փաշինյանի խոսքից մեջբերված այս հատվածում տրամաբանական սխալ կա՝ խաղաղությունն ու անկախությունը հակառակ դիրքերում են նշված։ Հայտնի բան է, որ խաղաղությունը հնարավոր է միայն անկախ սուբյեկտների միջև։ Եթե երկիրն անկախ է, ապա նա կարող է խաղաղություն կնքել, խաղաղությունը պահպանել։ Եթե անկախ չէ, այլ ֆորպոստ, ապա խաղաղությանը տեր է կանգնում ֆորպոստատերը, որը կարող է ֆորպոստի մի մասը ծախել մեկ այլ երկրի, տեղահանել ֆորպոստի ժողովրդի մի մասին։
Նորմալ երկրում քաղաքական համայնքը, ընտրանին պաշտամունք են ներշնչում հայրենիքի, անկախության նկատմամբ, ջանք են գործադրում, որ ժողովուրդը գիտակցաբար չհանդուրժի անկախությունից նահանջող իշխանություններին, անկախությունը երկրորդող ուժերին։ Եթե ՀՀ քաղաքական համայնքն ու ընտրանին անկախությանը տեր կանգնեին, ապա ՀՀ իշխանությունն աղետալի սխալներ չէր անի, կկարողանար պաշտպանել և՛ խաղաղությունը, և՛ ազգային իրավունքները, ոչ թե մեկը մյուսի հաշվին։ Հիմա էլ ձեռք բերված խաղաղությունը պահպանելու համար անհրաժեշտ է ամրացնել անկախությունը։ Սակայն Փաշինյանն ասում է լրիվ հակառակ բան։ Պատկերավոր ասած՝ Փաշինյանն անկախությունից փախչում ու թաքնվում է խաղաղության հետևում, անտրամաբանական խոսույթ զարգացնում։
Ուշագրավ է Փաշինյանի առաջարկած երկընտրանքը խաղաղության և ֆորպոստի միջև։ Փաշինյանը 2025-ի հունիսի 19-ին խոստովանել է, որ 2018-2022-ին ֆորպոստի վարչապետ է եղել, ստորադասել ազգային շահերը։ Ընտրողը Փաշինյանի օրինակով հասկացել է, թե ֆորպոստի վարչապետն ինչ մեծ աղետ կարող է պատճառել պետությանն ու ժողովրդին։ Եթե երկընտրանքն իրոք լինի խաղաղության և ֆորպոստի միջև, ապա ընտրողը 2026-ին ձայն չի տա հայտնի ֆորպոստի վարչապետ Փաշինյանին։ Այս առումով՝ նա իր դեմ քարոզչություն է արել հոկտեմբերի 27-ին։
Մտահոգիչ է «ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը» արտահայտությունը։ Ի՞նչ է նշանակում՝ «պետք է տեր կանգնի»։
Ավտորիտար երկրում են ժողովրդի մասին այդ տոնով խոսում։ Ժողովրդավարական երկրում ընտրության ազատություն կա։ Քաղաքական համայնքը հարգում է ընտրողի քվեն։ Ժողովրդավար առաջնորդն իրավունք չունի ժողովրդին բան պարտադրել։ Առաջնորդները չեն ասում՝ ժողովուրդը պետք է սա ընտրի կամ սրան ընտրի: Փաշինյանի այս արտահայտությունը հակաժողովրդավարական է։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն կարող է բռնություն կիրառել ՀՀ ընտրողի կամքի վրա, ընտրության ազատության վրա։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՔՊ-ական քարոզիչը փողոցում Ձեզ մոտենա ու ասի՝ «Դուք պետք է…»։ Արժանապատվություն ունեցող մարդը շարունակությունը չի էլ լսի։
Վերջապես՝ եթե Փաշինյանն անկեղծ ուզում է տեր կանգնել անկախությանը, ապա ինչո՞ւ անկախության ուղղությամբ լուրջ քայլեր չի անում։ Կրեմլի ագենտներից մաքրվելու համար ինչո՞ւ լյուստրացիա չի անում։ Եթե սահմաններն ու ճանապարհները բացելու ջատագով է, ապա ինչո՞ւ դուրս չի հրավիրում ռուսական զորքերն ու չի ազգայնացնում երկաթուղին։ Նա վախենում է անգամ Հունիսի 14-ին հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին։ Այսքանից հետո նա, հավանաբար, ողջամիտ վախ ունի, որ ՀՀ անկախությունը գերնպատակ համարողը ՔՊ-ին չի ընտրի 2026-ին, ու նա կպարտվի։ Թերևս սա է պատճառը, որ նա թաքնվում է խաղաղության հետևում և անտրամաբանական բաներ խոսում։
Թաթուլ Մկրտչյան