Ներքին 10 ամիս առաջ - 15:30 27-10-2025

Տնտեսական ակտիվության աճը չի նշանակում, որ մարդիկ ավելի լավ են ապրում

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.6 տոկոսով։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ թեև ինքը դեռևս չի հասցրել մանրամասն ուսումնասիրել վերջին տվյալները, ընդհանուր առմամբ՝ տնտեսական աշխուժությունը պայմանավորված է մի քանի ոլորտների ցուցանիշներով։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է հինգ բաղադրիչով՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ֆինանսական ծառայություններ և այլ ծառայություններ։ Վերջին շրջանում առավելապես ակտիվ են եղել բանկային ոլորտը, շինարարությունը և ծառայությունները, որոնք իրար հետ փոխկապակցված են»,- ասաց Թավադյանը:

Նրա խոսքով՝ արդյունաբերության ոլորտը 2023-ի վերջին գրեթե զրոյական աճ էր արձանագրում, իսկ դրանից հետո որոշակի աշխուժություն նկատվեց՝ հիմնականում ոսկու արտահանման շնորհիվ։ Սակայն 2024-ի վերջերից սկսած արդյունաբերական աճը կրկին դանդաղել է։

Փորձագետը շեշտում է, որ շինարարության աճը ևս որոշ չափով «խաբուսիկ» է.

«Շինարարության ոլորտում աճ կա, սակայն դա պայմանավորված է առաջնային շուկայում գների արհեստական բարձր մակարդակով։ Կադաստրի տվյալներով՝ գների անկում գրանցվել է միայն Կենտրոնում և Կոմիտասում, մինչդեռ երկրորդային շուկայի գներն արդեն մոտ 20–30 տոկոսով նվազել են»։

Թավադյանի դիտարկմամբ՝ տնտեսության մեջ այժմ գործում է այսպիսի շղթա․ արտասահմանից մուտք եղած գումարները կենտրոնանում են բանկային համակարգում, որտեղ ֆինանսական ակտիվությունն աճում է։ Այնուհետև այդ գումարների զգալի մասը ներդրվում է շինարարության և ծառայությունների ոլորտներում, ինչն էլ ՏԱՑ-ի աճի հիմնական շարժիչ ուժն է։

Միաժամանակ, փորձագետը նկատում է, որ տնտեսական աճը դեռևս չի զգացվում քաղաքացիների եկամուտներում։

«Մենք ունենք տնտեսական և աշխատավարձային ֆոնդի աճ, բայց դա չի նշանակում, որ միջին քաղաքացու եկամուտներն էլ են բարձրացել։ Կարելի է ասել՝ գումարների մեծ մասը կենտրոնացած է ավելի բարձր եկամուտ ունեցող խմբերի մոտ։ Այսինքն՝ միջին աշխատավարձի աճը պարտադիր չի, որ արտացոլի հասարակ մարդու կյանքի որակի բարձրացում»,– ընդգծեց Աղասի Թավադյանը։

Փորձագետը նկատում է նաև, որ աճի տեմպերը դանդաղել են նախորդ տարվա համեմատ:

«Աճը կա, բայց աճի դանդաղում էլ ունենք։ Սա խոսում է այն մասին, որ շղթան դեռ աշխատում է, սակայն իր մեջ արդեն պարունակում է որոշակի ռիսկեր»,– եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին