Ներքին 8 ամիս առաջ - 19:14 26-10-2025

Հավատարիմ մնաք ձեր տված երդմանը․ Մակար եպիսկոպոսը՝ նորաօծ քահանաներին

Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից։

«Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։

Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Մակար Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Տիգրան սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Ավետիս քահանա, Սիմոն սարկավագ Իգիթյանը՝ Տեր Դավիթ քահանա, Գրիգոր սարկավագ Ավոյանը՝ Տեր Գառնիկ քահանա, Արթուր սարկավագ Օհանյանը՝ Տեր Մեսրոպ քահանա, Հակոբ սարկավագ Գևորգյանը՝ Տեր Հովհան քահանա և Հայկ սարկավագ Թովմասյանը՝ Տեր Նշան քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին, մասնավորապես ընդգծեց, որ յուրաքանչյուր ձեռնադրություն նոր ուժ, ոգևորություն ու սեր է փոխանցում ներկային և գալիքին, որովհետև նորաօծ քահանաները գալիս են զորացնելու հավատը, սերը, խոնարհությունը մեր ժողովրդի մեջ՝ դառնալով աջակից և զորակից իրենց ավագ եղբայրներին, որոնք արդեն իսկ քայլում են խաչի օրհնյալ ճանապարհով։

«Սիրելի քահանա հայրեր, մաղթանքս է, որ հավատարիմ մնաք ձեր տված երդմանը, որ սուրբ սեղանի առջև ուխտեցիք, թե պատրաստ եք կատարել բոլոր հրամանները և սրբերի կանոններով քայլել՝ առանց հակառակելու ձեր հոգևոր առաջնորդներին։ Մաղթանքս է, որ քայլեք խաչի ճանապարհով, որը նեղ ճանապարհն է և որը տանում է հավիտենական կյանք, իսկ մյուսը, որը լայն է՝ տանում է դեպի կործանում։ Դուք օրինակ վերցրեք մեր հայրերից, մեր շուրջ ապրող ու արարող եղբայրներից, ովքեր վստահ հավատքով ընթանում են նեղ ճանապարհով՝ լցված Սուրբ Էջմիածնի հանդեպ անշեջ սիրով, և ովքեր իրենց տոկոնությամբ մեզ ուժ են փոխանցում՝ ասելով․ «Եթե կցորդ ենք Տիրոջ չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին»» (Հռմ․ 8․17), - ասաց Մակար եպիսկոպոսը։

Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց նորաօծ եկեղեցականներին իրենց ծառայությունը բերել մեր Սուրբ Եկեղեցուն սուրբ վարքով, ուղիղ հավատքով, լուսավոր մտքով, ժրաջան մշակի համբերությամբ, խոնարհությամբ ու հեզությամբ։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված Միքայել, Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի