Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բեռնատարների վարորդները պատմում են, որ Լարսի անցակետում արդեն 130 օրից ավելի է, ինչ բազմաթիվ մեքենաներ կանգնած են՝ առանց հնարավորություն ունենալու ներմուծում կամ արտահանում իրականացնել։
«130 օրը անցել։ Այսինքն՝ 90 սահմանվածից հլը 40 օրը ավելի անցել է։ Էկել ենք, 20000 դրամ են ուզել, չենք տվել, տարել են բաժին, մի սուտկա պահել են, հետո զապերտը տվել ենք, եկել ենք»,– լրագրողների հետ զրույցում պատմեց վարորդներից Կարեն Հարութունյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը վաղուց արդեն պետք է լուծված լիներ, և հիմնական պատասխանատվությունը, իր կարծիքով, ընկած է Հայաստանի կառավարության վրա.
«Կառավարությունը իր ժողովրդի հարցը պիտի լուծի։ Եթե կառավարությունը դրա համար չէ, բա էլ ինչի՞ համար է։ Էս ժողովուրդը ներմուծում պիտի անի, արտահանում պիտի լինի, առանց դրա չի լինի»։
Հարութունյանի խոսքով՝ վարորդները մտահոգ են ոչ միայն իրենց աշխատանքային վիճակով, այլև երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակով․
«Եթե կառավարությունը մեր հարցին շուտափույթ լուծում չտա, մենք պիտի նստենք, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Բայց էս շոֆերների հաշվին է գալիս ամեն ինչ՝ ուտելիքից, խմելիքից սկսած։ Ամեն ինչ էլ մենք ենք բերում»։
Վարորդը նաև նշեց, որ ռուսական կողմը խախտում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի քաղաքացիները՝ այդ թվում բեռնատարների վարորդները, ստիպված են կրելու հետևանքները․
«Ռուսաստանը սենց է՝ մեզ ասում են՝ ձեր վրա չի ազդում, բայց փաստորեն սուտ է։ Սաղիս վրա էլ ազդում է։ Եթե էս շոֆերները չլինեն, ներմուծում չի լինի, արտահանում չի լինի։ Էս էրեխեքը ո՞նց են ապրելու»։
Հարութունյանը հավելեց, որ իրենց համար կարևոր չէ՝ ով է ղեկավարում կառավարությունը, սակայն անհրաժեշտ է, որ պետությունը գործի և պաշտպանի քաղաքացիների շահը․
«Իմ համար անձամբ մեկ չի, որովհետև ես ունեմ հինգ թոռ։ Ղեկավարը պետք է լավ ղեկավարի, որ ամեն տեղ ոտնահար չլինի։ Պիտի մտածեն ժողովրդի մասին։ Մենք գնում ենք Ռուսաստան, բայց մեր ազգի հանդեպ հարգանք չկա։ Հին ժամանակներում հակառակը էր՝ ասում էին՝ հայ զգույշ եղեք, հարգանքով էին վերաբերվում։ Հիմա՝ հարգանք չկա, մի քանի տարի է»։
Բեռնատարների վարորդները շարունակում են իրենց բողոքը՝ պահանջելով, որ կառավարությունը շտապ կարգավորի իրավիճակը և բանակցությունների միջոցով լուծի Լարսի անցակետի խնդիրը։