Իշխանական լրատվամիջոցներով սկանդալային ձայնագրություն տարածվեց հոկտեմբերի 17-ին։ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրության մեջ Աղան աբեղան ասում է, թե Գարեգին Բ-ն իրեն ասել է՝ «Մորդ վերցրու, գնա, Նիկոլի դեմ ցույց արա»։
ՀՀ գլխավոր դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնել են, որ համացանցում տարածվող այս ձայնագրությունը Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա։ Կալանավորված Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով։ Այս ընդհանրությունը հիմք է ենթադրելու, որ Գարեգին Բ-ին ևս մեղադրանք կառաջադրեն հույն հիմքերով։ Ավելին՝ ենթադրելի է, որ Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ վարույթը նախերգանք էր, հատուկ ստեղծված կաղապար, որ դրա շրջանակում հնարավոր լինի ներգրավել Գարեգին Բ-ին։
Ինչո՞ւ են Գարեգին Բ-ին ներգրավում այս պատմության մեջ։ Եվ ինչպե՞ս կարող է նա ազատվել ենթադրյալ քրեական հետապնդումից։
Ոմանք կարծիք են հատնում, թե Գարեգին Բ-ն գործարքի կգնա՝ հրաժարական կտա, կազատվի հետապնդումից, ազատելով նաև իր քրոջ որդուն։ Չի բացառվում, որ այդ գործարքի բանակցություններն արդեն սկսվել են, և ենթադրվում է, որ կավարտվեն նախքան նոյեմբերի 16-ը։ Այսինքն՝ ենթադրվում է, որ այս ամենը կազմակերպվել է, որ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտնի Գարեգին Բ-ի հրաժարականի մասին։
Չի բացառվում նաև, որ ՔՊ-ն կրկնակի գործարքի կգնա։ Մի կողմից՝ կբանակցի Գարեգին Բ-ին ենթադրյալ քրեական պատասխանատվությունից ազատելու ու գահընկեց անելու թեմայով, մյուս կողմից՝ ընդդիմության հետ գործարք կկնքի՝ խոստանալով, որ կազատի Վեհափառին, եթե նոյեմբերի 16-ն ընդդիմադիր ուժերը պարտվեն Վարղարշապատի ընտրություններում։
Ավելին՝ եթե Գարեգին Բ-ին ազատելու թեման շահարկելն աշխատի Վաղարշապատի ընտրություններում, ապա նույն տրամաբանությամբ կարող են շահարկել նաև ԱԺ 2026-ի ընտրությունների ժամանակ։ Փաշինյանը կարող է խոստանալ՝ կարճել Գարեգին Բ-ին առնչվող վարույթը կամ վարույթները, եթե Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժերը պարտվեն 2026-ի ընտրություններում։
ՔՊ-ն, ենթադրաբար, ակնկալում է կաթողիկոսին հետապնդելու արդյունքում եկեղեցու առաջնորդներն ու նրանց քաղաքական թիմակիցները 2026-ին չեն գործի Փաշինյանի դեմ։ Ոմանք նույնիսկ չեն բացառում, որ հոգևորականները կմասնակցեն ՔՊ-ի ընտրապայքարին, պատարագների ավարտին կհորդորեն ընտրել Փաշինյանին և այլն։
Լավատեսները չեն կիսում այս հոռետեսությունը՝ կարծելով, թե չնայած հարուցված քրեական վարույթին, Գարեգին Բ-ն դեռ կարող է թեման իր օգտին հանգուցալուծել՝ կանգնելով անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։ Սա Աստվածահաճո դիրքորոշում է։ Հայաստանի անկախությունը Աստծո մեծ շնորհն է մեզ՝ քաղաքացիներիս։ Վեհափառի հորդորով՝ անկախական դիրքերում կարող են կագնել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, ռուսամետ դիմակով գործող մյուս ընդդիմադիր ուժերը՝ հրաժարվելով Կրեմլի շահերը գերադասելուց։ Այս պարագայում Փաշինյանը կմնա միակ ռուսամետ ուժը երկրում ու կհայտնվի խոցելի իրավիճակում, նրան հաղթելն ու ընդդիմության վերածելը կդառնա տեխնիկայի հարց։
Պարզ ասած՝ Գարեգին Բ-ն ու նրան ենթադրյալ քրեական հետապնդումից ազատել ցանկացողներն լուրջ ընտրության առաջ են։ Այդ ընտրությունից է կախված, թե արդյունքում որտեղ կհայտնվեն ու ինչ կշահեն Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն։
Թաթուլ Մկրտչյան