Ներքին 1 տարի առաջ - 22:35 15-10-2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Վինսենթ Ռոշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենթ Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մրցանակակիրների հետ ունեցած հանդիպումների ու զրույցների կարևորությունը Կառավարության քաղաքականությունների մշակման գործում: «Այն հարցին, թե ինչո՞ւմ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան՝ կրթությունը, կառավարությունը մեզ համար ապահովել է կրթություն՝ հանրակրթություն, բարձրագույն, հետբուհական:

Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա: Իհարկե, նաև մեր փորձը, իմացությունն ու պրակտիկան է մեզ բերել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով՝ կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, շինարարության, հումանիտար ոլորտի, սոցիալական»,- ասել է երկրի ղեկավարը:

Աղքատությունը հաղթահարելու հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ապահովման կարևորությունը, որովհետև աղքատախնամությունն այդ մարդկանց կյանքում գրեթե ոչինչ չի փոխում, այլ ընդհակառակը՝ օգնություն ստանալը նրանց համար դառնում է սովորական մի բան. «Մենք այդ ընտանիքների երեխաներին շատ դեպքերում դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա, իրենց գյուղում մանկապարտեզ չկա: Եվ սա է պատճառը, որ մենք համոզված ենք՝ եթե ուզում ենք լուծել սոցիալական խնդիրները Հայաստանում, ապա աղքատության հարցի լուծման մի ճանապարհ կա՝ դա կրթություն է, որովհետև այսօր Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց 80 և ավելի տոկոսի աղքատ լինելու պատճառն իրենց ստացած կամ չստացած կրթության մեջ մենք պետք է փնտրենք»։

Վարչապետի խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը, մրցանակակիրները Կառավարությանը ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և նշել, որ այն, ի հեճուկս շատերի չհավատալուն, իրականություն է դառնալու. «Ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ Կառավարության որոշմամբ կհաստատենք Ակադեմիական քաղաքի մաստեր պլանը և կանցնենք իրագործման փուլին»։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկրին՝ Վինսենթ Ռոշին, վարչապետը նշել է. «Ձեր ներկայությունը մեզ քաջալերում է լինել ավելի ստեղծագործ, ավելի լավատես, ձեր օրինակով հավատալ մեր սեփական ուժերին»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել