Կաթոլիկ կեղեցին նոր սրբացում է ունենալու․ Վատիկանում շուտով սուրբ կհռչակվի Մեծ Եղեռնի նահատակ Գերապայծառ Իգնատիոս Մալոյեանը։
Սա ոչ միայն կարևոր հոգևոր իրադարձություն է Հայ կաթոլիկ համայնքի համար, այլև նոր էջ՝ հայ հավատքի և ազգային հիշողության պատմության մեջ։ Գերապայծառ Իգնատիոս Մալոյեանը (1869–1915) ծնվել է Մարդին քաղաքում։
Երիտասարդ տարիքից կոչված էր հոգևոր ծառայության՝ ուսումը շարունակելով Լիբանանի Զմմառի վանքում։ Զմմառը՝ հիմնադրված XVIII դարի սկզբին, դարձել է Հայ Եկեղեցու գլխավոր հոգևոր կենտրոնը՝ կրթելով տասնյակ սերունդների քահանա և եպիսկոպոսներ։
Մալոյեանը 1911 թվականին ձեռնադրվել էր Մարդինի եպիսկոպոս։ Երբ 1915 թվականին Օսմանյան իշխանությունները սկսեցին հայ բնակչության տեղահանումներն ու սպանությունները, նա հրաժարվեց ուրանալ հավատքը կամ ընդունել իսլամը։ Այդ պատճառով ձերբակալվեց և սպանվեց՝ դառնալով նահատակ։
Նրա մասին պատմում են, որ մահվանից առաջ աղոթել է՝ ասելով․ «Տե՛ր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում»։ Գերապայծառ Մալոյեանի հիշատակը Հայ Կաթողիկէ Եկեղեցում միշտ էլ նշվել է որպես նահատակության օրինակ։
Նա բեատիֆիկացվել է 2001 թվականին՝ Հռոմի Պապի կողմից։ Բեատիֆիկացումը նշանակում է, որ Եկեղեցին պաշտոնապես ճանաչում է մարդու սրբության օրինակելի կյանքը և թույլ է տալիս նրան պատվել որպես նահատակ։ Այս տարի Վատիկանը պաշտոնապես կանցկացնի նրա սրբացման արարողությունը, ինչի արդյունքում Գերապայծառ Մալոյեանը կդառնա նոր ժամանակների առաջին սուրբը Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմության մեջ։
Սրբացման արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում, որի ժամանակ ներկա կլինեն հայկական կաթողիկէ համայնքների ներկայացուցիչներ Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանից։ Վերջին շաբաթներին Լիբանանի քրիստոնյա սեփականատերեր ունեցող հեռուստատեսային ալիքները բազմիցս անդրադարձել են Մալոյեանի սրբացման թեմային՝ ներկայացնելով նրա կապը Զմմառի վանքին։
Զմմառը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև հայկական կրթական և մշակութային ժառանգության պահապան։ Հայ ժողովուրդը քրիստոնեության պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ սրբեր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Ներսես Շնորհալի, Սուրբ Գրիգոր Նարեկացի և շատ ուրիշներ։ Սակայն այս սրբացումները հիմնականում վերաբերում էին միջնադարյան կամ վաղքրիստոնեական գործիչների։
Իգնատիոս Մալոյեանի սրբացումը առաջինն է, որը վերաբերում է նոր ժամանակների իրական, փաստագրված պատմական անձի, որն ապրել է 20-րդ դարում՝ Մեծ Եղեռնի ընթացքում։ Գերապայծառ Իգնատիոս Մալոյեանի սրբացումը ոչ միայն եկեղեցական, այլև ազգային իրադարձություն է։
Սա պատմական վկայություն է այն մասին, որ հայ ժողովրդի նահատակությունը դարձել է համաշխարհային հոգևոր ժառանգության մաս։ Մալոյեանի հիշատակը Հայ Կաթողիկե Եկեղեցում նշվում է ամեն տարի՝ հունիսի 11-ին։
Ք. Սահակյան