Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 18:30 13-10-2025

Ուզում է առաջին դեմքն ասի, ուզում է՝ վերջին․ Ամուլսարը հանք չի դառնալու

Oragir.News-ը զրուցել է բնապահպան և իրավաբան Նազելի Վարդանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի՞ էկոլոգիական և սոցիալական հետևանքներ կարող է առաջացնել Ամուլսարի հանքի շահագործումը, ի՞նչ քայլեր են նախատեսում բնապահպանները, նրանք պատրաստվո՞ւմ են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, թե՞ շարունակելու են պայքարը։

«Հաշտ երբեք չենք եղել, երբեք չենք դադարել պայքարել, հիմա էլ պայքարում ենք և պայքարի տարբեր ձևեր ենք օգտագործում։ Շարունակել ենք տարբեր մեթոդներով պայքարել։ Ինչ վերաբերում է շահագործմանը՝ հանքը չի շահագործվում։ Էն ինչ խոսում են, իրականությանը չի համապատասխանում․ շինարարությունը նոր է սկսվել, և հանքը չի կարող շահագործվել, եթե հարթակ չունի։ Այդտեղ հարթակը դեռ պատրաստ չէ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների անգրագետ հայտարարությունները մեզ համար անընդունելի են։

Ռիսկերի մասին մենք շատ ենք խոսել՝ թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, և հիմա արդեն ավելացել են նաև անվտանգային ռիսկերը։ Դրանք կանխատեսելի և կառավարելի չեն։ Այս մասին մենք նվազագույնը 15 տարի է, ինչ հրապարակավ խոսում ենք»,- նշեց Վարդանյանը։

Բնապահպանը մատնանշեց մի շարք լուրջ բնապահպանական վտանգներ․

«Ամուլսարի տարածքը սեյսմիկ բարձր վտանգավոր գոտի է։ Բնապահպանական ռիսկերից առաջնահերթ է սեյսմիկ բարձր վտանգավորությունը․ տարածքը գտնվում է ակտիվ երկրաշարժային գոտում։ Բացի այդ, այստեղ է մեծությամբ երկրորդ սողանքը, ուրանի և թորիումի հանքանյութերի կուտակում կա, բարձր ռադիոակտիվություն և օդում ռադոնի քանակ, որը 200 անգամ գերազանցում է սահմանված նորման։ Ամենակարևորը, սակայն, թթվային դրենաժի վտանգն է, որի կառավարումը ընդհանրապես հնարավոր չէ։ Տարածքը կազմված է հրաբխային և սուլֆիդային ապարներից․ հրաբխային ապարները ճեղքեր ունեն, և ցանկացած ճեղքվածքով անձրևաջրերը կարող են թափանցել արտաքին միջավայր՝ հասնելով մեր գետերին, լճերին, այդ թվում՝ Սևանա լճին՝ Արփա-Սևան թունելով։

Սևանա լճի մասին օրենքով, այդ տարածքը համարվում է Սևանի ջրհավաք ավազանի մաս, որի մեջ մտնում են Ապարանի և Կեչուտի ջրամբարները, ինչպես նաև Արփա և Որոտան գետերը։ Ներկայումս, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, առաջին շերտը արդեն հանված է, և տեղ-տեղ աշխատանքները շարունակվում են։ Արդյունքում անձրևաջրերն ու թթվածինը ներթափանցում են ապարների մեջ, իսկ սուլֆիդային ապարներում ծծմբի առկայության հետևանքով առաջանում է ծծմբաթթու։ Ծծմբաթթվի միջավայրում լուծվում են բոլոր մետաղները՝ բացի ազնիվներից՝ ոսկուց, պլատինից և արծաթից։

Սա նշանակում է, որ տարածքում առկա բոլոր ռադիոակտիվ մետաղները՝ ուրանը, թորիումը, ինչպես նաև ծանր մետաղները՝ կապարը և մյուսները, լուծվելու են և կհոսեն դեպի գետեր ու լճեր, այդ թվում՝ Սևանա լիճ։ Այս գործընթացը անկառավարելի է։ Անկախ տեղական և միջազգային փորձագետները, ինչպես նաև կառավարության պատվերով իրականացված ուսումնասիրությունները, որոնց համար հատկացվել է 454,000 դոլար, նույնպես հաստատել են այդ վտանգները»։

Վարդանյանի խոսքով՝ Ամուլսարի շահագործումը նաև լուրջ սոցիալական հարված կհասցնի Ջերմուկին․

«Սոցիալական ռիսկերի մասով՝ Ջերմուկի ուղղությունը միշտ եղել է առողջարանային, քաղաքը նախատեսված է հանգստի և տուրիզմի զարգացման համար։ Դրա համար Համաշխարհային բանկը նույնիսկ ֆինանսավորում է տրամադրել։ 2008 թվականին և նաև վերջերս ընդունված որոշումներով Ջերմուկը ներառվել է երկրի 10 ամենակարևոր տուրիստական կենտրոնների շարքում։ Հետևաբար՝ հանքի շահագործումը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական և տնտեսական առումով լրջագույն սպառնալիք է ներկայացնում քաղաքի ապագայի համար:

Հանքի շահագործումը և առողջ տուրիզմը անհամատեղելի են։ 2100 մ բարձրության վրա, որտեղ թթվածնի խիստ պակաս կա, միայն մաքուր օդի հաշվին է կոմպենսացվում այստեղ ապրելու կամ հանգստանալու հնարավորությունը։ Այդ պայմաններում ոչ մի զբոսաշրջիկ կամ հանգստացող չի գալու։ Սա նշանակում է՝ առողջարանները կփակվեն, կվերապրոֆիլավորվեն բանվորական կացարանների, էդտեղ կան աշխատողներ, որոնք կրթված, բարձրագույն կամ միջնակարգ կրթություն ստացած բուժաշխատողներ են և սպասարկման ոլորտի մասնագետներ, իրենք մնալու են առանց աշխատանքի, ինչպես արդեն եղել է 2012-ին, երբ երեք առողջարան վարձակալությամբ տվեցին «Լիդիանին», որպեսզի բանվորների համար կացարան պատրաստեին։ Այդ ժամանակ 230 մարդ կորցրեց աշխատանքը»:

Վարդանյանը հիշեցրեց նաև, որ «Լիդիան Արմենիան» 2017 թվականին բնապահպանական սոցիալական հաշվետվություն է ներկայացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին՝ ՎԶԵԲ-ին, որտեղ մանրամասն ներկայացված է եղել, որ Ջերմուկում հանքի շահագործումը հանգեցնելու է սոցիալական լուրջ հետևանքների։

«Դա էլ հո մենք չենք ասում, դա իրենց հաշվետվության մեջ գրված է՝ քանի որ մեծ քանակությամբ, առանց ընտանիքի՝ տղամարդ բանվորներ են գալու, ավելանալու են բռնությունների, հանցագործությունների և սեռավարակների դեպքերը։ Այսօր ջերմուկցիները ահաբեկված են։ Նրանք չեն ուզում իրենց առողջարանային քաղաքը վերածվի հանքարդյունաբերական տարածքի։ Ջերմուկում մարդիկ նույնիսկ դուռ չեն փակում, որովհետև գողություն չկա, հանցագործություն չկա։ Իսկ եթե հանքը սկսի գործել, քաղաքը կլցվի դրսից բերված աշխատողներով՝ հիմնականում օտարերկրացիներով, քանի որ ոչ ոք տեղից 150 հազարով չի գա աշխատելու։ Պատկերացրեք՝ ինչ է լինելու քաղաքի հետ։»

Նազելի Վարդանյանը վստահ է՝ Ամուլսարը հանք չի դառնալու․ «Ջերմուկցիները դեմ են, պայքարում են, գնդեվազցիներն էլ, բնապահպաններն էլ՝ որևէ մեկը չի հաշտվել էդ մտքի հետ: Հանքը հանք չի դառնալու՝ ով ուզում է ասի՝ երկրի առաջին դեմքից մինչև վերջինը։ Էնպես որ պետք է պայքարել ու մինչև վերջ տեսնել ինչ է լինում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր թույլ են տալիս նման բան, պատասխանատվության առաջ են կանգնելու։ Սա սենց չի մնալու, ամեն ինչ կփոխվի»:

Վարդանյանը շեշտեց, որ պայքարը նաև միջազգային հարթակներում է շարունակվում․

«Միջազգային բոլոր ֆինանսավորող կառույցների հետ կապի մեջ ենք։ Այս տարի մասնակցել եմ Եվրոպական զարգացման բանկի տարեկան ժողովին, հանդիպել բանկի խորհրդի անդամներին և գլխավոր տնօրենին։ Երրորդ տարին է, որ գլխավոր ասամբլեայում ելույթ եմ ունենում՝ խնդրելով, որ չֆինանսավորեն այն բանկերին, որոնք գումարներ են տրամադրում Ամուլսարի համար։ Շատ բաներ գրված չեն, բայց աշխատանքը տարվում է։ Մենք չենք դադարեցրել և չենք դադարեցնելու պայքարը»,- եզրափակեց բնապահպանը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը