Մալաթիայի շուկայում, ինչպես նշում են վաճառողները, առևտուրը գրեթե կանգ է առել։
Oragir.News-ը այցելեց տոնավաճառ և զրուցեց տեղի վաճառողների հետ՝ լսելով նրանց բողոքներն ու առաջարկները։
Շատերը խուսափեցին խոսել՝ նշելով, որ խոսակցությունները որևէ արդյունք չեն տալիս։ Իսկ նրանք, ովքեր համաձայնեցին զրուցել, հիմնականում մատնանշեցին օնլայն առևտրային հարթակները՝ Temu, Wildberries, Ozon, որպես շուկայի անկման հիմնական պատճառ։
«Մեր խոսակցությունը չքաղաքականացնենք, բայց այն ժամանակ, երբ հեղափոխական գործընթաց էր, ասում էին՝ փոքր ու միջին բիզնեսին պիտի հնարավորություն տանք զարգանալու։ Այսօր էդ ամեն ինչն ընդամենը խոսքեր էին։ Հիմա առաջացել են հզոր օնլայն հարթակներ՝ Վայլդբերիս, Օզոն, Տեմու, որոնք կոնկրետ ազդում են Մալաթիայի շուկայի վրա։ Փոքր ու միջին բիզնեսը պարզապես գոյություն չունի․ կամ աշխատում են հզորները, կամ օնլայն վաճառողներն են»,- ասում է վաճառողներից մեկը։
Նրա խոսքով՝ օնլայն հարթակների ազդեցությամբ շուկայում գնորդների հոսքը նվազել է, իսկ եկամուտները՝ կտրուկ պակասել։
«Ես կաշվից կոշիկը վաճառում եմ 8000–12000 դրամով, բայց մարդիկ ծիծաղում են՝ ասում են՝ Օզոնում նույնը 1500 դրամ է։ Իսկ ես դա բերում եմ 3500 դրամով ու հազիվ կարող եմ 5000-ով վաճառել։ Օրվա ընթացքում հազիվ եմ վարձի ու հարկերի գումարը հավաքում։ Էս երկրում ընտանիք, բանկեր, հազար խնդիր կա։ Փոքր բիզնեսին տիրություն չի արվում, իսկ բանկերի տոկոսները խեղդում են»,- հավելեց վաճառողը։
Վաճառողները նշում են նաև, որ օնլայն առևտրի դինամիկ աճը, պետական վերահսկողության պակասն ու բարձր հարկային բեռը սպառնում են շուկայական առևտրի գոյությանը։
«Եթե պետությունը չիջեցնի հարկերն ու տուրքերը, մարդիկ չեն կարող գոյատևել։ Էսօր Մալաթիայի վիճակը ծայրահեղ ծանր է՝ առևտուր չկա, ժողովուրդն էլ գնողականություն չունի»,- ասում են նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։