Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 20:41 30-09-2025

Մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Ազատության հրապարակում և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում մեկնարկել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը՝ «Զարգացնել գիտությամբ» խորագրի ներքո, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառումն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նրանք շրջել են տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտության շաբաթը պետություն-մասնավոր հաջող համագործակցության արդյունք է և իրականացվում է միջազգային ձևաչափերին համապատասխան:

«Գիտության շաբաթ անցկացնելու առաջնային նպատակն է հանրայնացնել գիտությունը և նպաստել դրա մասին իրազեկվածության բարձրացմանը, խրախուսել երիտասարդներին, դպրոցականներին, նույնիսկ ավելի փոքր տարիքի երեխաներին, որպեսզի հետաքրքրվեն գիտությամբ: Նախագիծն ընդգրկում է ինչպես Երևանը, այնպես էլ մարզերը. հանրությունը մեկ ամբողջ շաբաթ ապրելու է գիտությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա նշել է, որ առաջիկայում քննարկման կներկայացվի գիտության զարգացման ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են այսօրինակ միջոցառումները: Նախարարը հաջողություն է մաղթել միջոցառման մասնակից գիտական կառույցներին, իսկ հանրությանը՝ բացահայտումներով լի շաբաթ:

Գիտության շաբաթն անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելով գիտության կարևորությունը։ Նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:

Հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարքն այս տարի ներգրավել է Երևանի և ՀՀ բոլոր մարզերի շուրջ 300 դպրոցի և մանկապարտեզի՝ նպատակ ունենալով համախմբել ավելի քան 50,000 այցելուի: Գիտության շաբաթը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը:

Վեց օր շարունակ Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները կներկայացնեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի ոլորտները: Գիտության շաբաթին միացած մանկապարտեզներում և դպրոցներում կկազմակերպվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ:

Միջոցառումների ծրագիրը ներառում է երեք հիմնական թեմատիկ ուղղություն․
Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1). գիտության և նորարարությունների գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների ներգրավմամբ։

Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3). մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։

Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5). գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականության, կինոյի, կոմիքսների, խաղերի ու ֆուտուրիստական նախագծերի տեսքով։
Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ այստեղ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
22:47 Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը