Ներքին 8 ամիս առաջ - 18:15 28-09-2025

Գրքի երևանյան միջազգային փառատոնն առաջին անգամ ներկայացվեց Գյումրիում

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր Գրքի երևանյան միջազգային փառատոնը անցկացվում է Գյումրիում։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ողջունելով ներկաներին նախարարն ընդգծել է,որ փառատոնի մարզային այցերը մշակութային ռազմավարական նպատակներից են՝ ուղղված մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ու զարգացմանը և մշակութային ստեղծարարության աջակցմանը։

«Մեր նպատակն է ունենալ կրթված և բազմակողմանիորեն զարգացած երիտասարդություն, որը սիրում է կարդալ և մտորել գրականության միջոցով բարձացված հարցերի շուրջ։ Ընթերցանությունն առաջին հերթին օգնում է իրականությունը ճիշտ վերլուծել ու լուծումներ գտնել մեր առջև կանգնած բոլոր խնդիրներին։ Եվ այս համատեքստում գրքի փառատոնը նախևառաջ մեր ու մեր իրականության մասին է։ Առաջին անգամ այն մարզերում կազմակերպելով՝ ակնկալում ենք ստանալ դրական արձագանք առ այն, որ փառատոնը սպասված է մեր յուրաքանչյուր բնակավայրում։

Կարևոր է, որ այստեղ ներկա ուսուցիչներն ու աշակերտներն իրենց հետ առաջին հերթին տանեն գրքի հանդեպ ուշադրությունն ու վերաբերմունքը, որը պետք է շարունակվի նաև հետագա բոլոր օրերին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Հովհաննես Գրիգորյանի հուշատախտակի բացում՝ Գյումրի, Ֆուրմանովի փողոց, 4-րդ նրբանցք, տուն 23 հասցեում, ինչպես նաև կայացել են «Բոլորովին ուրիշ աշուն․ Հովհաննես Գրիգորյան-80» խորագրով հոբելյանական ընթերցումներ և զրույցներ։

Միջոցառումների շարքում տեղի են ունեցել նաև գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, քննարկումներ, գրքի ցուցահանդես-տոնավաճառ և այլն։

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ սեպտեմբերի 5-7-ը փառատոնը հաջողությամբ անցկացվել է Երևանում՝ ընդգրկելով 50-ից ավելի միջոցառումներ, տասնյակ հրատարակչությունների, հազարավոր ընթերցասերների։

Այդ օրերին մայրաքաղաքը վերածվել էր գրքի իսկական տոնի՝ 40 հազարից ավելի այցելու, 18 հազարից ավելի վաճառված գիրք, գրական քննարկումներ, շնորհանդեսներ, պոեզիա և բազմազան այլ միջոցառումներ։ Իսկ հոկտեմբերի 4-ին փառատոնը կանցկացվի Կապանում։

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ Կապանի համայնքապետարանը։

Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան