Ներքին 9 ամիս առաջ - 15:45 25-09-2025

Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ծածկադմփոցով չի լուծվի. բնապահպան

Վերջերս միջազգային համաժողովներից մեկում արձանագրվել էր, որ Երևանը Հարավային Կովկասում ունի ամենավատ օդի որակը։ Շրջակա միջավայրի նախարարությունը փորձեց հերքել այդ պնդումը՝ հայտարարելով, թե տվյալները սխալ են։

Բնապահպան Սիլվա Ադամյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ Երևանի բնապահպանական խնդիրները ոչ թե հերքման, այլ լուծման կարիք ունեն․

«Միջազգային կայքեր կան, որոնք պարբերաբար ցույց են տալիս օդի աղտոտվածության վիճակը տարբեր քաղաքներում։ Երբ գրում ես՝ Հայաստան՝ Երևան, այդտեղ անմիջապես երևում է իրավիճակը։ Կարմիր գծերով նշված է, որ նորմայից բարձր է, և սա նորություն չէ։ Ես անգամ էլեկտրոնային փոստով ստանում եմ այդպիսի տեղեկություններ։ Ուրեմն՝ պետք չէ ասել, թե նման բան չկա։ Իրենց ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրաշալի մասնագետներ են, իրենք էլ են նայում այդ միջազգային կայքերը։ Դա ծածկադմփոց անելու թեմա չէ, խնդիրը պետք է լուծվի», – ասաց Ադամյանը։

Նրա խոսքով՝ քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, ծառերի չորացումը, աղբավայրերի վիճակը և անպատասխանատու քաղաքաշինական քաղաքականությունը օրեցօր խորացնում են իրավիճակը։

«Երևանում կանաչ տարածքները ոչ միայն չեն ավելանում, այլ պարբերաբար հատվում են։ Տնկվող նոր ծառերի մեծ մասը չորանում է, որովհետև չեն ջրվում։ Զեյթունում, օրինակ, իրավիճակն ահավոր է՝ չորացած ծառեր, անխնամ տարածքներ։ Ամբողջ ամառ և արդեն դեպի աշուն մենք ունենք հրդեհների շարք աղբավայրերում, որոնք չեն համապատասխանում ոչ մի ստանդարտի։ Այս ամենի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, բայց որևէ էական փոփոխություն չկա»,- նշեց նա։

Անդամյանը նաև հիշեցրեց, որ Երևանի կայուն զարգացման ծրագրերը հաճախ մնում են միայն թղթի վրա։

«Քաղաքապետարանը միլիոնավոր դոլարների ծրագրեր է իրականացնում, ֆինանսավորվելով միջազգային կառույցների կողմից։ Բայց կայուն զարգացող քաղաքի հիմքը մաքուր օդն ու կանաչ տարածքներն են։ Մինչդեռ մենք ապրում ենք քաղաքում, որտեղ օդը աղտոտված է, այգիներ գրեթե չկան, մարդիկ մաքուր օդ շնչել չեն կարող։ Դա չի կարելի ներկայացնել որպես «կայուն զարգացում»։ Խնամվում են միայն քաղաքի որոշ հատվածներ՝ հիմնականում կենտրոնը, մինչդեռ մնացած համայնքները խայտառակ վիճակում են։ Զեյթունը դրա վառ օրինակն է»,- ընդգծեց բնապահպանը։

Նրա կարծիքով՝ խնդիրը խորքային է և կապված է նաև կադրային ու կառավարման քաղաքականության հետ։

«Տարիներ շարունակ ոլորտում լուրջ մասնագետներին դուրս են թողել, փոխարենը առաջ են մղվել մարդիկ, ովքեր չունեն ֆունդամենտալ կրթություն։ Այդ պատճառով էլ ծառերը սխալ են տնկվում, կանաչ տարածքները վերածվում են անպիտան տարածքների, Նուբարաշենի և այլ աղբավայրերը մնում են նույն վիճակում։ Այս ամենը կուտակվել է տարիների ընթացքում, բայց հիմա ավելի ակնհայտ է դարձել։ Ցավոք, բնապահպանական խնդիրները անխուսափելիորեն նաև քաղաքականացվում են, որովհետև բնապահպանությունը չի կարող առանձնանալ ընդհանուր կառավարման համակարգից»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին