Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 20:47 24-09-2025

Էջմիածնի դպրոցները լծվել են ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավին

Վաղարշապատի Ներսիսյան N6 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված մի շարք լուսանկարներ վկայում են՝ դպրոցը ներգրավված է քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին։

Այս մասին են վկայում կցված նկարները:

Հատկանշական է, որ նախընտրական փուլում այսպիսի հրապարակումները ոչ միայն բարոյական, այլև օրենսդրական հարցեր են առաջացնում, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով հստակ սահմանված է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»։

Oragir.News-ը փորձեց թեմայի շորջ խոսել կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք այս լուսանկարները նշանակում են, որ ուսուցիչների և դպրոցի վարչակազմը ներգրավված են քարոզարշավին։

«Այո, սա քարոզարշավի ոչ թե տարր է, այլ ակնհայտ քարոզ։ Դա սկսվել է հենց այն պահից, երբ հայտարարվեց, որ երկու համայնքներ միավորվում են, և ՔՊ թեկնածուն լինելու է Արգիշտի Մեխակյանը։ Այդ պահից սկսած՝ երբեմն ոչ ուղղակի, բայց հրահանգներ են իջեցվել՝ ուղղված դպրոցներին, մարզպետարանի աշխատակիցներին և մյուս պետական ծառայողներին՝ սկսել քարոզարշավը՝ դեռևս քողարկված ձևով։ Բայց դա արդեն ընթացքի մեջ է»։

Ատոմ Մխիթարյանը մատնանշում է նաև այլ փաստ, ըստ որի՝ իշխանական թեկնածուն արդեն ներգրավվում է պետական միջոցառումներին․ «Շաբաթվա վերջին ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է երիտասարդական համաժողով Երևանից դուրս, և ելույթ ունեցողների թվում նշված է նաև Վաղարշապատի ժամանակավոր պաշտոնակատարը, որը հենց նույն անձն է՝ Արգիշտի Մեխակյանը։ Թեև օրենքը սա հստակ չի կարգավորում, սակայն ակնհայտ է՝ սա իշխանական լծակների օգտագործում է նախընտրական շրջանում»։

Փորձագետն ընդգծում է, որ հատկապես կրթական հաստատություններում քաղաքական քարոզչությունը անթույլատրելի է:

«Ես կոչ եմ անում, որ իրավապահ մարմինները հետաքննեն այս իրավիճակը։ Քանի որ սա արգելված է։ Պետք է պարզել՝ ովքեր են ներգրավված, և մեղավորները պետք է պատժվեն։ Խոսքը հանրակրթական դպրոցների մասին է, որտեղ քաղաքական քարոզչություն չի կարող իրականացվել՝ ոչ իրական միջավայրում, ոչ էլ վիրտուալ՝ ինչպես, օրինակ, ֆեյսբուքյան էջում»,- նշում է նա:

Ժաննա Անդրեասյանը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրենի հանրային հնչեղություն ստացած հարցի շուրջ նշել է, «Կրթության ոլորտի մարդիկ պետք է զբաղվեն կրթական գործընթացով։ Ցանկացած բան, որը խաթարում է այդ տրամաբանությունը, ստանալու է խիստ հակազդեցություն՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»։

Փորձագետ Ատոմ Մխիթարյանն այդ կապակցությամբ նկատում է․
«Հիշեցնեմ չիմացողներին, որ համայնքի ղեկավարի պաշտոնը, քաղաքական պաշտոն է։ Ուրեմն, և շարունակելով նրա ասած տրամաբանությունը, որ եթե քաղաքական քարոզը տեղի ունենում ուսումնական հաստատությունում, պետք է պատասխանատուն ազատվի աշխատանքից, էդ տրամաբանությունը շարունակելով, ես կարող եմ ասել՝ եթե նա չազատվի աշխատանքից, խոսքս էդ ուսումնական հաստատության ղեկավարի մասին է։ Ուրեմն, նրան պաշտոնի նշանակողը պիտի ազատվի աշխատանքից»։





Ֆոտոշարք