Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:43 23-09-2025

Փաշինյանը բանտախուցն է հիշել, Աջապահյանն իրեն մեղավոր չի զգում, ԱԺ-ում պարգևատրվել են․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 23-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքում մի քանի գրառում է կատարել՝ հերթական անգամ մեղադրելով Հայաստանի առաջին երեք նախագահներին։ Անդրադառնալով նախկին նախագահների մեղադրանքներին, թե ինքը Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ՝ Փաշինյանը նախկին նախագահներին, որոնց անուն-ազգանուններն ի դեպ գրել է հապավուրմներով և աղավաղված, հարց է ուղղել, թե «2018–ի դրությամբ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։ Ըստ Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ, Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան, Սերժ Սարգսյանն էլ վաղուց էր փախել Արցախից՝ Բերձորի անցակետում հավաքած մանեթեները վայելելու։ «Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել»,- գրել է Փաշինյանը՝ պնդելով, որ նախկին նախագահները երբևէ չեն ընտրվել ու կեղծել են ընտրությունները։ Վերջինս նաև իր նախկին բանտախուցն է հիշել՝ նախկին նախագահներին առաջարկելով հենց այնտեղ բանավիճել։

Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի անունից Փաշինյանին պատասխանել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` ասելով, թե ճշգրիտ բացահայտումները կառավարության ղեկավարին հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա։ Զուրաբյանն առաջին նախագահին խնդրել է՝ թույլ տալ իրեն բանավիճել` Փաշինյանի նախկին խցում կամ այլ տեղ։ «Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ»,– գրել է Զուրաբյանը` հավելելով, որ «մթագնած այս վիճակում» Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ։

Երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները։ «Կամ արաղն ա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի դինջանա»,– News.am-ի հետ զրույցում ասել է Միկոյանը՝ արձագանքելով Փաշինյանի գրառմանը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն էլ ֆեյսբուքյան էջում տարածել է Մարկ Տվենի ու Ալբերտ Էնշտեյնի խոսքերը։ «Օրվա խորհուրդը՝ հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին. երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն: «Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն»,- մեջբերել է 3–րդ նախագահի գրասենյակը:

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում ներկայացրեց իր եզրափակիչ խոսքը։ Նա սկսեց իր խոսքը՝ պատասխանելով նախորդ հայտարարություններին։ Նա հիշեց, որ չնայած նա բազմիցս իշխանությունների համար անհաճոյախոս հայտարարություններ էր արել, դրանց մասին հիշել են միայն այս տարվա հունիսին։ «Ինչո՞ւ հանկարծ որոշեցին հունիսին շտապ ձերբակալել և խուզարկել ինձ։ Ինչո՞ւ մասկի շոու սարքեցին Էջմիածնում։ Ինչո՞ւ խուզարկությունը կատարվեց առանց փաստաբանի և առանց ինձ տեղեկացնելու։ Ինչո՞ւ չեն հարցաքննվում վկաներ, այդ թվում՝ նախկին նախագահներ և լրագրողներ», - հարցրեց արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ գործընթացը նախաձեռնած իշխանությունները խորապես ձախողվել են՝ սկսած հոգեկան հիվանդից, և նրանց համար փրկություն չի լինի։ Սրբազանը, դիմելով մեղադրող կողմին և դատավորեն, նշեց, որ նրանց նկատմամբ չարություն չունի, միայն խղճահարություն։ «Ումի՞ց ես պետք է ներում հայցեմ», - հարցրեց Շիրակի թեմի առաջնորդը՝ ևս մեկ անգամ հայտարարելով՝ արդարություն չի աղերսելու: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը վաղը վերդիկտ կկայացնի՝ ազատություն շնորհե՞լ, թե՞ ազատազրկել Միքայել Սրբազանին: Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը կարծում է, որ դատավորն այնպիսի պատիժ է սահմանելու, որ սրբազանին մինչև ընտրություն պահեն փակի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել