Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավիրվել է Միացյալ Նահանգներ՝ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված տեխնիկական ու տնտեսական մանրամասները քննարկելու համար։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում։
Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ գործընթացում Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունի Էկոնոմիկայի նախարարությունը, քանի որ քննարկումները վերաբերում են տնտեսական, մաքսային և կազմակերպական հարցերին․
«Ծրագիրը Հայաստանի համար նախ և առաջ անվտանգային նշանակություն ունի, իսկ տնտեսական մասով դեռ անհրաժեշտ են մասնագիտական լուծումներ։ Քաղաքական լիդերները համաձայնություն են տվել, բայց տեխնիկական ու տնտեսական հարցերը պետք է լուծեն մասնագետները։ Այդ առումով՝ ճիշտ է, որ Պապոյանն ու նախարարությունն ընդգրկված են գործընթացում»,- ասաց Պարսյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի հաջող իրագործման համար կարևոր է նաև Պետեկամուտների կոմիտեի մասնակցությունը, քանի որ առաջանալու են մաքսային վերահսկողության և կարգավորման խնդիրներ։
Տնտեսագետը նշեց, որ թեև նախագիծը արդեն ունի քաղաքական համաձայնություն, սակայն դեռ մեծածավալ աշխատանքներ են սպասվում․
«Ամերիկյան կողմը փորձառություն չունի մեր երկրում նման նախագիծ իրականացնելու։ Սա փոխադարձ ճանաչողության հնարավորություն է, որպեսզի կողմերը լավ պատկերացնեն միմյանց հնարավորություններն ու սահմանափակումները»։
Սուրեն Պարսյանը նաև չբացառեց, որ ապագայում գործընթացում կարող է ներգրավվել նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը։
«Երբ գա ճանապարհի վերագործարկման հարցը, անշուշտ, անհրաժեշտ կլինի եռակողմ ձևաչափով քննարկել վերահսկողական սխեմաները և փոխադարձ արտոնությունների տրամադրումը։ Պայմանագրով արդեն ամրագրված է փոխադարձության սկզբունքը՝ ինչ արտոնություններ հայկական կողմը տալիս է, նույնը պետք է ակնկալի նաև մյուսներից»,- եզրափակեց տնտեսագետը։