Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
Այրվել է ԵՊԲՀ֊ի 7֊րդ հարկում գտնվող լաբորատորիան՝ գույքով (մոտ 6 քմ), և միջանցքի կախովի առաստաղը (մոտ 12 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից սենյակներ։