Ներքին Միտք 9 ամիս առաջ - 15:20 21-09-2025

Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով, որում նշված է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ:
Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։

Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։

Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։

Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։

Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։

Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը։

Սիրելի հայրենակիցներ,
Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։

Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։

Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

Թող անկախությունը շարունակի լինել մեր ժողովրդի միասնության և խաղաղ ապագայի ամուր հիմքը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան