Ներքին Միտք 9 ամիս առաջ - 10:34 21-09-2025

Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է, քան մեր կյանքը. Բագրատ Սրբազան

«Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն…» (Մատթ. Զ։31)

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը՝

Մեր երազների ու մեր իղձերի Հայաստանը,

Չարիքից ազատագրված և անեծքազերծ Հայաստանը,

Ճշմարտության և արդարության Հայաստանը,

Պարտությունը թոթափած և պարտությունը բերողից ազատագրված Հայաստանը,

Ատելությունից և թշնամությունից հրաժարված և սիրո, հույսի և հավատքի բերկրանքով ապրող Հայաստանը,

Հաշտության և Հաղթանակի Հայաստանը,

Սին ու կեղծ, քայքայված ու ծնկած, մուրացկանի ձորձ հագած «խաղաղությունը» մերժած և Հաղթանակներով շողշողուն, Պատվով և արդարությամբ նվաճված խաղաղությամբ Հայաստանը։

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը, իր անանցանելի Արցախով, իր բազում զավակների նահատակության արյանը, շիրիմներին ու սրբավայրերին տեր կանգնող Հայաստանը,

Իր Արարատը գրկած, իր Սուրբ Էջմիածնով օրհնված Քրիստոսասեր և Աստվածային Հայաստանը,

Իր մշակի արդար քրտինքով, իր մանկան ժպիտով, իր անծախ ուսուցչով, անկաշառ դատավորով, քաջարի զինվորականով, ծառայասեր ոստիկանով, անսուտ և անստախոս պաշտոնյայով, անմնացորդ բժշկով, ազգատեր գործարարով, ճշմարտասեր և կյանքի հորիզոններ նվաճող նոր սերնդով ապրող Հայաստանը, ում երազներն ու իղձերը ոչ ոք չի կարող սահմանափակել և կողոպտել։

Այո՛, սիրելիներ, որտեղ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սիրտն է։ Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է քան մեր կյանքը, հետևաբար Սուրբ Ղևոնդ Երեցին ականջալուր՝ «հեռացնենք մոլորեցնողների խավարային խորհուրդները, ովքեր եղկելի և ողորմելի են, մանավանդ նրանք, ովքեր կամավորապես են կուրացած և երբեք ճշմարտության ճանապարհը չեն գտնելու»։

Կեցցե Ազատ ու Անկախ, ազատագրված Հայաստանը։

Եվ այո՛,
Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին,
Տաճարը կհաղթի փողոցին,
Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական կեղծ Հայաստանին»…

Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս Լեռն է մեր կանգնած…

Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը,
Կեցցե վերաազատագրված Արցախ աշխարհը։

Հաղթանակող Հայաստանն այլընտրանք չունի…

Ազատության լիակատար շնչով, սիրով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բարգրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի