Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:36 19-09-2025

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Նիկոլին չեն ճնշելու, նպաստելու են նրա վերարտադրմանը

ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ ոչ ոք չպետք է բանտարկվի քաղաքական գործունեության պատճառով։ Կոնգրեսականը նաև չափազանց կարևոր է համարել, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։

Oragir.News-ը հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է ԱՄՆ-ն ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ կալանավորված հոգևորականներին ազատ արձակելու հարցում։

Ի պատասխան՝ Զոհրաբյանն ասաց, որ միջազգային կառույցները իրական ճնշում գործադրելու մտադրություն չունեն, իսկ եթե նման ցանկություն ունենան էլ, ապա ոչ միայն Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն ու անգամ ԱՄՆ նախագահը համապատասխան քայլեր կձեռնարկեին․ «Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի ընթացքում, որտեղ ԱՄՆ-ն ընդամենը վկայի կարգավիճակ ուներ, օրակարգ կարելի էր դարձնել հայ ռազմագերիների վերադարձի կամ քաղաքական բանտարկյալների հարցը։ Բայց դա չարվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը դարձել է միջազգային, հատկապես՝ արևմտյան կենտրոնների կատարյալ գործիքը՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դեմ ծրագրեր իրականացնելու համար»։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ Եվրոպական միությունը կարող էր լուրջ ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, ինչպես տարիներ շարունակ դա անում էր՝ «Մարտի 1»-ի դեպքերից հետո, սակայն այժմ Փաշինյանն արևմուտքից քարտ բլանշ է ստացել։

«Հայաստանի բմբուլները քամուն կտային, Հայաստանի վզից բռնած դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից, եթե նախկին իշխանության օրոք ոչնչի համար բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվեին, ընդամենը «մեր ձևով կանգնելու ենք եկեղեցու կողքին» ձևակերպման համար մեծ բարերար կալանավորվեր։ Կրկնում եմ՝ Հայաստանին 3 վայրկյանում հետույքին քացի տալով դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից»- ասաց նա։

Զոհրաբյանը նշում է, որ երբ միջազգային կառույցների ներկայացուցիչներին հարց են տվել, թե նրանք ինչ կանե՞ն, եթե Փաշինյանն իր ընդդիմախոսներին գնդակահարի, վերջինս շատ լուրջ պատասխանել է․ «Մենք դա կձևակերպենք, որ Նիկոլ Փաշինյանը դա արել է՝ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Սա է, ցավոք սրտի, իրականությունը»։

Քաղաքական գործիչը համոզված է, որ Արևմուտքը չի բարձրացնում կալանավորված հոգևորականների կամ քաղաքական բանտարկյալների հարցը, քանի որ ունի Նիկոլ Փաշինյանի կարիքը և փոխարենը՝ աչք է փակում նրա բռնապետական քայլերի վրա։

Ըստ Զոհրաբյանի՝ սա փոխշահավետ գործարք է, որի արդյունքում տուժում է Հայաստանը, իսկ ժողովրդավարության մասին խոսելն անգամ ամոթ է։

Մանրամասները՝ տեսանյութում: