Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկօրյա այցով սեպտեմբերի 19-20-ը կլինի Հայաստանում։
Oragir.News-ը այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց քաղաքական գործիչ, Հայաստանի Եվրոպական կուսակցության վարչության նախագահ Տիգրան Խզմալյանից։
- ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը Հայաստան ընկալվում է որպես քաղաքական կարևոր ազդակ։ Ձեր կարծիքով, սա պարզապես խորհրդանշական ա՞յց է, թե՞ կարող է վերաճել կոնկրետ գործընթացի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին։- Եվրոպան փորձում է հասկանալ Հայաստանի իշխանությունների իրական նպատակները և անկեղծությունը։ Բանն այն է, որ Եվրոպայում ընդունված չէ այն, ինչ մեզ մոտ անվանում են քաղաքականություն, դիվանագիտություն և բալանսավորված մոտեցում։ Այնտեղ վաղուց արդեն մարդկանց խոսքերը և գործերը դիտում են որպես մի ամբողջություն, և այդ կեղծավորությունը, երկիմաստությունը մեծ խնդիրներ են ստեղծում։ Իմ տպավորությամբ, մեր երկրին 2024 թ․ շատ հստակ ուղերձ էր տրվել. մարտի 13-ին Ստրասբուրգում հատուկ քվեարկություն էր, որտեղ 54 կողմ ձայնով (4 ձեռնպահ և 4 դեմ) Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունեցին բանաձև, համաձայն որի՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանն ընդունվում է ջերմ: Փաստորեն դա ազդակ էր, որից հետո մենք, եթե հիշում եք, 2024 թվականի աշնանը 3 կուսակցություններով նախաձեռնեցինք մի գործընթաց, մի շարք ՀԿ-ներ 2025 մարտի 26-ին ստորագրեցին, և 25 թ․ ընդունվեց օրենք Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մասին:
Դա պահանջեց որոշակի նախապատրաստական աշխատանք Եվրոպայի կողմից, որովհետև այնտեղ լուրջ են վերաբերում նման քայլերին, հատկապես, եթե դա օրենքի ձև է ընդունում։ Սակայն բոլոր հաջորդ քայլերը վկայում են հակառակի մասին՝ Շանհայի մերձենալու փորձը, ռուսական ոսկին և ադամանդները մաքսանենգ ճանապարհով վերավաճառելը, քաղաքական և գաղափարական առումով այս ամենը Եվրոպայի համար անհասկանալի է, էլ չեմ ասում, որ հայ ժողովրդի նման քայլերն առաջացնում են հարցեր, և Եվրոպայի պաշտոնյաները այդ հարցերի պատասխանն են փորձում ստանալ Հայաստանում։
- Կարծիքներ կան, որ ԵՄ-ն պատրաստ չէ իրական աջակցություն ցուցաբերել անդամակցել ցանկացող երկրների՝ հատկապես Հայաստանի նման բարդ տարածաշրջանից։ Դուք կիսու՞մ եք այդ մտահոգությունը։- Գիտեք, երբ որ ինձ ասում են՝ «կարծիք կա», ես միշտ հարցնում եմ՝ ո՞ւմ կարծիքը, դրանք խոհանոցային խոսակցություններ են, կոնկրետ գործեր կան։ Օրինակ՝ կան երկրներ, որոնք հայտ են ուղարկել, և Եվրոպան նրանց աջակցում է ամեն ձևով։ Ամենավառ օրինակը՝ Ուկրաինան, որը օրական մոտավորապես 1 միլիարդ դոլար օգնություն է ստանում՝ ռազմական, մարդասիրական, ֆինանսական, էլ չեմ ասում քաղաքական, դիվանագիտական:
2-րդ օրինակն է Մոլդովան, որի նկրտումները Եվրոպան ընդունում է. 2 շաբաթ առաջ այնտեղ հատուկ այցելել են Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի վարչապետը, Վրաստանի վարչապետը. Մակրոնն անգամ ռոմաներեն ճառ արտասանեց՝ ողջունելով Մոլդովիայի եվրոպական ուղղվածությունը։ Մոլդովան ստանում է ֆինանսական օգնություն, ռազմական աջակցություն, դիվանագիտական աջակցություն, ինչի՞ մասին կարելի է խոսել, եթե Հայաստանը 6 ամիս առաջ ընդունված օրենքը չի կատարում և հայտ չի ներկայացնում։
Այնպես որ, այդ կարծիքները տարօրինակ են։ Պետք է գործ անել, որի գնահատականը հետո ստանալ կամ քննարկել, կոնկրե՛տ բաներ։ Մենք քննարկում ենք ինչ-որ խոհանոցային լուրեր, բամբասանքներ։ Եվրոպան, ես դրա համար սկզբից հիշեցրի, հատուկ օրինագիծ է ընդունել, ինչն ավելի ակնհայտ ապացույց է։ Եթե այլ ապացույց է պետք, ուրեմն մենք, երևի, տարբեր մոլորակներում ենք ապրում։