Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 8 ամիս առաջ - 18:30 19-09-2025

Թաքուն մեսիջ չկա. Թրամփը շփոթել է Հայաստանի անունը. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կրկին Հայաստանը Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ Աբերբայջան։ «Մենք կարգավորեցինք երկար տարիներ տևած Աբերբայջանի և Ալբանիայի հակամարտությունը։ Այն երբեք չէր կարող կարգավորվել»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ էլ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ էր շփոթել Հայաստանը Ալբանիայի հետ, ասելով՝ «Ես վերջ դրեցի անլուծելի թվացող պատերազմներին։ Այդ թվում Ալբանիայի և Ադրբեջանի երկար տարիներ տևած պատերազմին»։

Հանրության համար պարզ չէ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Հայաստանի փոխարեն երրորդ անգամ Ալբանիա ասելը խորհրդանշական ժե՞ստ է ուղղված Հայաստանին՝ ցույց տալու նրա անկարևոր քաղաքական նշանակությունը ներկայիս աշխարհակարգում, Թրամփի վարչակազմը չի դիտարկո՞ւմ Հայաստանը որպես կարևոր գործընկեր, թե՞ պատահական լեզվական սայթաքո՞ւմ է։

Oragir.News-ը զգայուն թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց միջազգայնագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանից։

«Չեմ կարծում, որ հատուկ է արվել։ Ընդհանրապես՝ Արմենիան ու Ալբանիան հաճախ են շփոթում։ Սա էլ այդ շփոթմունքներից մեկն է։ Չեմ կարծում, որ Թրամփի այս խոսքի տակ պետք է ինչ-որ հակահայկական մեսիջներ փնտրել, որովհետև Թրամփը մարդ է, որը կարող է առանց մեսիջների՝ ուղիղ ասել այն, ինչ մտածում է՝ առանց դրանց տակ որևէ դիվանագիտական ելևէջներ դնելու։ Նա կարող է շատ ուղիղ ասել այն, ինչ ուզում է։ Այնպես որ՝ չեմ կարծում, որ որևէ թաքուն մեսիջ կա այստեղ»,- ասաց միջազգայնագետ-ամերիկագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, ընդուվել է եռակողմ հռչակագիր, ստորագրվել են հայ-ամերիկյան գործակցության հուշագրեր։