Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 18:30 17-09-2025

Դոնալդ Թրամփը WhatsApp ունի՞․ մի մանիպուլյացիայի հետքերով

Կարո՞ղ է Դոնալդ Թրամփն ունենալ WhatsApp, և արդյոք անվտա՞նգ է դա
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, լրատվամիջոցներից մեկում հայտնվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Թրամփի WhatsApp-ի համարն ունի: Ընդդիմախոսներն այս լուրը որակում են մանիպուլյացիա և կասկած են հայտնում, թե ՀՀ վարչապետը բարձր մակարդակի հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահի հետ։ Իսկ նախքան այդ էլ կասկածելի է, որ Թրամփն ունի WhatsApp հաշիվ, քանի որ բարձր պաշտոնյաների կողմից նման հավելվածներն օգտագործելն անվտանգ չէ։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ և փորձեց պարզել՝ արդյոք WhatsApp-ը համարվո՞ւմ է անվտանգ հարթակ պետական պաշտոնյաների, հատկապես՝ պետության ղեկավարի համար։

«Եթե հեռախոսը վարակված է լրտեսական ծրագրով, միևնույն է՝ այն լսվում է, այսինքն՝ մայն WhatsApp-ի հարցը չէ, այլ՝ սարքի։ Մեծ հաշվով՝ WhatsApp-ը ինչ-որ տեսանկյունից քիչ թե շատ ապահով է։ Բայց եթե խոսքը գնում է լուրջ պետական խոսակցությունների մասին, ապա դա այլ է»։

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ նախագահ Թրամփը օգտվում է WhatsApp-ից, մեդիափորձագետը հետևյալ կարծիքը հայտնեց.

«Կարող է ունենալ, կարող է՝ ոչ։ Միգուցե ունի առանձին հեռախոս, որը պահած լինի սեյֆում և ինչ-որ դեպքերի համար հանի» ։

Սամվել Մարտիրոսյանը նաև բացատրեց, թե ինչպես կարող է հասարակությունը տարբերակել բարձր պաշտոնյաների հայտնած տեղեկությունը տեղեկատվական մանիպուլյացիայից։

«Մարդը, եթե ինչ-որ քաղաքական գործչից հայտարարություն է ստանում, ապա նա պետք է հասկանա՝ ինչքանով է այն ենթադրություն, ինչքանով՝ փաստ։ Ոչ ոք չի կարող ինքնուրույն ստուգել Թրամփի WhatsApp-ի հարցը։ Այլ է, թե ստացված հայատարարությունն ինչի՞ վրա է հիմնված։ Ես որևէ աղբյուր չգիտեմ, որով կարող ենք պարզել Թրամփն ունի՞, թե ոչ»։

Հիշեցնենք, որ նախկինում բազմաթիվ բարձր պաշտոնյաների հաղորդակցություններ են արտահոսել WhatsApp-ից։ WhatsApp-ը հայտնել էր, որ հարյուրավոր լրագրողների, իրավապաշտպանների և պաշտոնյաների հաշիվներ՝ Հնդկաստանից, Մեքսիակայից, Մարոկկոյից, Սաուդյան Արաբիայից ենթարկվել են հարձակման Pegasus լրտեսական ծրագրով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանակավորապես խուսափել է WhatsApp օգտագործելուց։ Բրազիլիայի արդարադատության նախարար Սերջիո Մորոյի՝ 2016-2018թթ WhatsApp-ի հաղորդագրությունները արտահոսեցին մամուլ, որոնք ցուցադրում էին նրա կասկածելի կապը դատավորների հետ՝ նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի դատավարության ժամանակ։ COVID-19-ի պանդեմիայի ժամանակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա թիմակիցները կառավարական որոշումներ էին քննարկում WhatsApp-ով։ Դրանցից մի քանիսը հետագայում արտահոսեցին մամուլ։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախարար Մալուսի Գիգաբան խմբագրական խորհրդակցության ներքին քննարկում էր փոխանցել WhatsApp-ի միջոցով, որը հայտնվել էր լրագրողների ձեռքում, որից հետո նախարարը հրաժարական տվեց։

Այս օրինակների ֆոնին ողջամիտ կասկած է առաջանում, որ Թրամփն օգտվում է WhatsApp-ից, անտեսելով անվտանգային ռիսկերը։ Այսինքն՝ նույնիսկ եթե Փաշինյանն ունի Թրամփի WhatsApp-ը, ապա դրանով շփումները ռիսկային են և՛ Հայաստանի և՛ ԱՄՆ-ի համար։ Ուստի՝ Թրամփի WhatsApp-ն ունենալը հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի բարձրացման հետ կապ չունի։