Աշխարհահռչակ և հանրահայտ մարդկանց կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Պատահական չէ, որ նրանց մահը, հատկապես՝ դժբախտ պատահարների դեպքում, հաճախ առաջացնում է տարակարծություններ։ Շատերը դժվար են ընդունում, որ նման մարդիկ կարող են պարզապես զոհ դառնալ դժբախտ պատահարների։
Հայ իրականության մեջ դրա ամենանշանավոր օրինակներից է գրող, բանաստեղծ և գրականագետ Պարույր Սևակի մահը։ Սևակի երկրպագուների և հասարակության մի մասի շրջանում մինչ օրս էլ տարածված է տեսակետ, թե գրողի մահը պատահական ավտովթարի հետևանք չէր, այլ կազմակերպված սպանություն՝ պայմանավորված նրա գաղափարներով ու բնավորությամբ։
Վերջերս գրողի թոռը՝ Սևակ Ղազարյանը, անդրադարձել է ողբերգական օրվա մանրամասներին՝ ներկայացնելով ընտանիքի հիշողություններն ու փաստերը։
«Վթարի հետ կապված՝ այդ մեքենան վարելը, իրոք, արկած էր իր համար, որովհետև այդ շրջանում ինքը նոր-նոր սկսել էր մեքենա վարել սովորել։ Հուշեր կան, որ մարդիկ հիշում են, ասենք՝ նախորդ օրը մեքենայով առվի մեջ էր ընկել։ Իհարկե, կողքը միշտ մարդ է եղել, միշտ վարորդ՝ բացառությամբ էդ օրվա»,- պատմել է նա։
Ղազարյանի խոսքով՝ այդ փուլում Սևակը երբեք ինքնուրույն չէր վարել մեքենա, առավել ևս՝ այդքան երկար ճանապարհ։
«Հատկապես այդ հսկա ճանապարհը՝ մոտ 90 կմ։ Հանգամանքների բերումով այդ օրը երկու մարդ, այսպես ասած, թեկնածու կար, որ կարող էին օգնել իրեն և վարել մեքենան՝ համագյուղացիներից։ Բայց մեկը խոտհնձի է լինում, մյուսը՝ հիվանդ, և երկուսն էլ չեն գալիս։ Եվ ինքը կայացնում է ճակատագրական որոշումը, որ ինքնուրույն իր ընտանիքին կհասցնի Երևան»,- նշել է նա։
Գրողի թոռը հիշել է նաև Սևակի վարորդական անփորձությունը․ «Հայրս պատմում է, որ երբ մեքենան ետ տալով ավտոտնակից հանեց ու չխփեց, ես ու եղբայրս ուրախացանք։ Էդքան անփորձ վարորդ է եղել։ Եվ այդ ճակատագրական որոշումը կայացվեց, որ ինքը ընտանիքին կհասցնի Երևան»։
Ճանապարհի ամենաբարդ ոլորանները անցնելուց հետո վթարը տեղի է ունենում ուղիղ հատվածում։
«Ուղիղ տեղ, կարծես թե, ոչ մի բարդություն չկա։ Մի բեռնատար է լինում, որը ճանապարհ չի տալիս։ Ճանապարհը ավելի նեղ է լինում, քան այժմ։ Նա փորձում է ձախով անցնել, չի ստացվում, և շատ սխալ որոշում է կայացնում՝ որպես անփորձ վարորդ։ Որոշում է աջով անցնել բեռնատարին, ինչը չի կարելի։ Աջով անցնելուց մեքենայի մի հատվածը դուրս է գալիս հողային մասին, և ընդամենը մի քարի խփվելով, երբևէ չդիպչելով մյուս մեքենային՝ մեքենան շրջվում է»,- մանրամասնել է Ղազարյանը։
Վթարի հետևանքով մահացել են Պարույր Սևակը և նրա կինը՝ Նելլի Մենաղարիշվիլին։ Մեքենայում գտնվող նրա երկու որդիները՝ Արմենն ու Կորյունը, հրաշքով փրկվել են։
«Ցավոք, սովետական մեքենաները անվտանգության որևէ համակարգ չունեին՝ ոչ բարձիկներ, ոչ ամրագոտիներ։ Եվ այդ շրջվելուց Սևակը և կինը մահանում են։ Բայց գոնե երեխաներին բան չի լինում»,ժ հավելել է նա։
Ըստ Սևակ Ղազարյանի՝ այդ ճակատագրական որոշումը պայմանավորված էր նաև գրողի հոգեկան ծանր վիճակով։
«Էդ որոշում կայացնելը կապված էր իր վերջին շրջանի հոգեբանական ծանր վիճակի հետ»,- նշել է նա։
Այս պատմությունները, որ փոխանցվում են ընտանիքի կողմից, գալիս են հստակեցնելու, որ Պարույր Սևակի մահը եղել է դժբախտ պատահարի հետևանք։ Այնուամենայնիվ, հասարակության շրջանում շարունակում են շրջանառվել տարբեր վարկածներ։
Հիշեցնենք, որ Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին՝ ընդամենը 46 տարեկանում։ Նրա ողբերգական մահը մեծ ցնցում առաջացրեց ոչ միայն հայ հասարակության, այլև ողջ Սփյուռքի շրջանում։ Տասնամյակներ շարունակ մամուլում և գրական շրջանակներում քննարկվել են տարբեր ենթադրություններ՝ սկսած քաղաքական դրդապատճառներից մինչև խորհրդային իշխանությունների հնարավոր միջամտությունը։ Սակայն Սևակի ընտանիքը կրկին շեշտում է՝ գրողի մահը եղել է դժբախտ պատահար, և այսօր էլ ամենակարևորն է հիշել Սևակի ստեղծագործական ժառանգությունն ու նրա դերը հայ գրականության մեջ։
Տեսանյութ: