Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 19:49 12-09-2025

Վարորդների տուգանքները կվերացվե՞ն․ ինչու են ՀՀ-ում իրազեկող արագաչափեր տեղադրվում

Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ շարունակում են ճանապարհային անվտանգության ապահովման միջոցառումները։ Վերջերս հայտնի դարձավ, որ մի շարք հատվածներում տեղադրվել են այսպես կոչված «իրազեկող արագաչափեր»։

Oragir.News-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ դրանք տուգանքները վերացնելու համար չեն. «Նման արագաչափերը պարզապես վարորդին իրազեկում են՝ ինչ արագությամբ է նա շարժվում։ Եթե ցուցատախտակին արագությունը նշվում է կանաչ գույնով, նշանակում է՝ արագությունը թույլատրելի սահմաններում է, իսկ կարմիր գույնով՝ գերազանցում է սահմանափակումը։ Նպատակը ուշադրություն հրավիրելն է, ոչ թե տուգանելը»։

Քեյանի խոսքով՝ նման համակարգեր կիրառվում են շատ երկրներում։ Դրանք հիմնականում դրվում են մայրուղիներում կամ վթարավտանգ հատվածներում՝ վարորդին հիշեցնելու արագության սահմանափակումները։

Միաժամանակ Քեյանը ընդգծեց, որ չնայած համակարգի իրազեկող բնույթին՝ այն չի կարող ամբողջությամբ կանխել խախտումները։

«Ով արագ է վարում, սովորաբար գիտակցաբար է անում դա։ Բայց եթե մեկի մոտ պատահաբար արագությունը բարձրացել է, նման ցուցատախտակը կարող է օգնել դանդաղեցնել։ Այս իմաստով, այո՛, օգտակար է։ Բայց չպետք է մտածել, թե սա լիարժեք լուծում է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե նախաձեռնությունն ունի նախընտրական ենթատեքստ, Քեյանը նշեց՝ չի կիսում դրանք, նման մտավախություն չունի։

«Ես դա չեմ կապում որևէ քարոզչության հետ։ Սա պարզապես ճանապարհային անվտանգության միջոցառում է»,- եզրափակեց նա։