«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոտենում է հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը, մնացել է երկու ամսից քիչ ժամանակ, և կառավարությունը փորձում է ամեն կերպ մեծացնել հայտարարատուների թիվը, որը վերջին տվյալներով չէր հասնում անգամ 100 հազարի։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը և նրա ղեկավար Նաիրի Սարգսյանը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեցին «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավը, որը ևս, փաստորեն, տվել է իր արդյունքները։ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասում է՝ հարցում են ուղարկել պետեկամուտների կոմիտե, պատասխանը ստանալու ժամանակ հստակ կտեղեկանան, թե քանի քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել։ «Մեր նախնական գնահատմամբ, այս պահին հայտարարատուների ներկայացրած հայտարարագրերի քանակը չի գերազանցելու 120 հազարը։ Պատրաստվում են իրենց եկամուտները հայտարարագրել կամ հայտարարագրել են բացառապես այն անձինք, որոնք ունեն ուսանող զավակներ և մինչև 100 հազար դրամ հետ ստանալու խնդիր ունեն։ Իրենց երբևէ կոչ չենք էլ արել, որ չհայտարարագրեն եկամուտները, այսինքն՝ սա ամբողջությամբ մեր պլանի շրջանակներում է։ Հայտարարագիր են ներկայացնում նաև պետական սեկտորի որոշ աշխատակիցներ, որոնք վախենում են իրենց ղեկավարների պահանջներից։ Նաև ստանում ենք ահազանգեր, որ դպրոցներում կամ այլ պետական մարմիններում պարտադրում են հայտարարագիր ներկայացնել։ Նրանք զանգահարում են մեր գրասենյակներ և ասում, որ, այնուամենայնիվ, չեն ներկայացնելու դրանք։ Մարդկանց մոլորության մեջ են գցում, նույնիսկ խաբում են, ասում՝ հիփոթեքային վարկի եկամտային հարկերը հետ չեք ստանալու։ Օրենքով այդպիսի կարգավորում նախատեսված չէ, բայց մոլորության մեջ գցելով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ ստիպողաբար փորձում են այնպես անել, որ մարդիկ հայտարարագիր լրացնեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Կարծում է, որ իրենց նախաձեռնությունը հաջողել է, որովհետև մարդիկ ականջալուր են եղել իրենց, բացասական հետևանքների մասին տեղեկացված են և չեն ներկայացնում հայտարարագրեր։ «Ե՛վ զրույցների, և՛ մեր արշավների ընթացքում ասել ենք՝ կանխատեսում ենք, որ մինչև 150 հազար քաղաքացի կներկայացնի հայտարարագիր։ Մոտավորապես մեր կանխատեսումների շրջանակներում ենք։ Ակցիան հաջողությամբ կընթանա և ավելի մեծ թափ կստանա արդեն նոյեմբերից սկսած։ Կգնանք մինչև վերջ, որպեսզի հասնենք այս անհեթեթության չեղարկմանը։ Ընդգծեմ, որ արդեն հոկտեմբերից սկսած պատրաստ ենք լինելու։ Ըստ պատեհության կհասկանանք՝ երբ ենք մեկնարկում»,-նշեց նախաձեռնության ղեկավարը։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը ներկուսակցական խնդիրների մասին սուր ելույթ է ունեցել եւ արժանացել Փաշինյանի զայրույթին, ապա բացարկ ներկայացրել` հրաժարվելով ՔՊ վարչության անդամի թեկնածությունից։
Փաշինյանը հիմա փորձում է ապացուցել, որ նման բան չկա, իր հին ընկերոջ` Սիմիդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի եւ հանգստյան օրերին` «Երեւանը կարոտել էի» խորագրով տեսանյութում ներառել էր նաեւ Սիմիդյանի հետ սուրճ խմելու կադրեր:
Գրել էինք, որ Փաշինյանը ծանր է տարել իր թերթի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի անձնական կյանքի վերաբերյալ բացահայտումները եւ որոշ ժամանակ թույլ չի տվել, որ իր կողքին երեւա, մեր հրապարակումից հետո Արուսյակը կրկին հայտնվել է Փաշինյանի կողքին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերը շարունակում է ներկայացնել արտախորհրդարանական ուժերի գործունեությունը 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ: «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության խորհուրդը դեռ վերջնական որոշում չի կայացրել. որքան մոտենա ընտրությունների ժամանակը, այնքան պարզ կդառնա իրենց որոշումը: Այս պահին երկընտրանքային իրավիճակում են: Այս մասին հայտնեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը:
«Նախ, պետք է արձանագրել, որ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել: Մենք ունենք լուրջ հաջողություն: Մենք կարողացել ենք հասարակության ներսում գաղափարական հեղափոխություն անել: Հստակ ծրագիր ունենք: Հայաստանի անվտանգությունը տեսնում ենք ԱՄՆ-ի հետ: Մենք բացատրում ենք ժողովրդին մեր տեսակետը, հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ, հատկապես՝ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Լոնդոնի»,- ասաց Արա Պապյանը»։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը մերժել էր գրանցել ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը` Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարն անցած տարեվերջին էր կայացել։
Պետռեգիստրից նրանք դիտողություններ են ստացել եւ հոկտեմբերի 4-ին նոր համագումար են հրավիրելու, որպեսզի շտկեն մատնանշված թերացումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում, սա այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականին էր գրել, որ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումի մեջ նշել է, որ բնակվում է Նար-Դոսի փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 100 հազար դրամով:
Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության, եթե պատգամավորը մարզաբնակ է, գալիս է մայրաքաղաք՝ աշխատանքի, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում: Սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ամսական 100 հազար դրամ է ստացել որպես վարձավճարի փոխհատուցում՝ ինչպես նշեցինք՝ լինելով երեւանաբնակ: Այսինքն՝ խախտվել է կարգը, եւ ՔՊ խմբակցության քարտուղարին պետբյուջեից չնախատեսված արտոնություն է տրվել: Սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը իշխանական դիրքը օգտագործել է, որպեսզի անձնական եկամուտներ ստանա:
Այժմ, համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, 2023 թվականին պատգամավորը 30 մլն արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել Արարատի Մասիս համայնքում եւ ազատ ժամանակ «կարճ ռիլերի» համար հող է մշակում:
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, 2017-ին անցել է թմրանյութի գործով. նրա ավտոմեքենայից հայտնաբերվել է թմրանյութ»։