Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի: Արեն Մկրտչյանն դեռ օգոստոսի 25-ին է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի մանդատից հրաժարականի դիմումը: Նա 2018-ի իշխանափոխության օրերին մշտապես ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո եղել իշխող կուսակցության ընտրական ցուցակներում և ընտրվել պատգամավոր: 2022-ին փորձեց ընտրվել Ալավերդի համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, բայց ընդդիմությունն այստեղ առավելություն ունեցավ, Արեն Մկրտչյանն էլ հրաժարվեց ավագանու անդամի մանդատից ու վերադարձավ խորհրդարան: Մեկ տարի անց, չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացավ անվստահություն հայտնելու միջոցով Ալավերդիում իշխանությունն իր ձեռքը վերցնել, բայց համայնքի ղեկավար դարձավ արդեն ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Դավիթ Ղումաշյանը: Մկրտչյանը իշխանափոխությունից հետո Լոռու հինգերորդ մարզպետն է: Արմավիրի մարզպետ նշանակվեց Մեծամորի նախկին համայնքապետ Վահրամ Խաչատրյանը, ով նախկինում ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ին դադարեցրել էր իր անդամակցությունը։ Արմավիրի մարզպետի պաշտոնը թափում է հուլիսից: Նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ երեկ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ «Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել», - հայտնում է Նարեկ Սարգսյանը, հավելելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի եղբայրը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակաված Նարեկ Մկրտչյանը, ով նաև ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, «Ազատության» հետ զրույցում միայն մի կարճ մեկնաբանություն է տվել. «Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառություն, և 393-րդ և 396-րդ հոդվածի 1-ին մասերով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Կատարվում է նախաքննություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ լրագրողներին հայտնել է, որ Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ թմրանյութ ու զենք չի հայտնաբերվել։ «Մենք ունեցել ենք օբյեկտիվ իրավիճակ Փարաքարում, վարորդը եղել է այո, մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը։ Վարորդի մոտ չի հայտնաբերվել ոչինչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և ուղևորի մոտից նետվել են իրեր, որտեղ որ հայտնաբերվել է նախնական արդյունքներով, թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։ Ձերբակալումը իրականացվել է, անձին բերման է ենթարկել բաժին, բաժնում տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվել է համապատասխան պրոցեսներ»,- ասել է նա՝ շեշտելով, որ այժմ իրականացվում է նախաքննություն, որն էլ կտա հարցի պատասխանը, Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է փոխանցել իր պայուսակը ընկերոջը, թե՞ ընկերոջիննն է դա եղել։ Սարգսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր պնդել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում չի եղել։ «Ես երբեք որևէ մեկի սև ցուցակում չեմ եղել, դա ձեր վառ երևակայությունն է հիմա և միգուցե նախկինում»,- ասել է նա։ Հարցին՝ որքանո՞վ կապ ունի այս ոլորտի հետ՝ Թորոսյանը պատասխանել է․ «Կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար, չեմ կարծում, որ, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ, այդպիսի մասնագիտություն նույնիսկ չկա էլ: Եթե մյուս նախարարություններն էլ նայեք, չնայած՝ հիմա չեմ ուզում գործընկերներիս պաշտոնները և իրենց մասնագիտությունները հիշեցնեմ ձեզ, բայց կարող եք նայել և այդ հարցի պատասխանն ինքնուրույն ունենալ»։ Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել էր Առողջապահության նախարար և պաշտոնանկ արվել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին։ Պաշտոնանկությունից հետո՝ 2021-ի հունվար-հուլիս ամիսներին նա ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, իսկ նույն թվականի արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում: