Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Պեկինում մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։ Սեպտեմբերի 2-ը խորհրդանշում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թայվանի (Չինաստանի Հանրապետություն) միացյալ հաղթանակը Ճապոնիայի նկատմամբ։
Փաշինյանի մասնակցությունը շքերթին, ըստ երևույթին, չի կարող անտեսվել հայ–չինական և հայ–ճապոնական հարաբերությունների համատեքստում։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վերջին զարգացումները հայ–ամերիկյան համագործակցության ոլորտում, հարց է առաջանում՝ ինչու է Հայաստանը մասնակցում Չինաստանի կողմից կազմակերպված միջոցառմանը, սակայն ներկայություն չունի ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից կազմակերպվող Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված արարողություններին։
Այս մասին
Oragir.news-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ, ով նշեց, որ սա աշխարհաքաղաքական բոբիկության հերթական դրսևորումներից մեկն է։
«Արձանագրենք հետևյալը. մամուլում էլ արդեն եղել են հրապարակումներ այն մասին, որ Ճապոնիայում միանշանակ չեն գնահատել Նիկոլ Փաշինյանի որոշումը Չինաստանից գնալ Ճապոնիա։ Եթե չեմ սխալվում, 2018-ին, երբ առաջին կառավարության ծրագիրը ընդունվեց, առանձին դրույթ կար՝ զարգացնել Ճապոնիայի և Չինաստանի հետ հարաբերությունները։ Այսինքն՝ իրենք՝ Ճապոնիան և Չինաստանը, նույնացնում են, մեծ տարբերություն չեն դնում այդ երկրների միջև։ Միգուցե մի քիչ ռասիստական հնչի իմ ասածը, բայց հավանաբար մարդկանց նայելով՝ շատ չեն տարբերում։ Դրա համար իրենց համար գլոբալ տարբերություն չկա՝ Ճապոնիա գնալ, թե Չինաստան։ Ինչևէ, սա աշխարհաքաղաքական բոբիկության հերթական դրսևորումներից մեկն էր»։
Քաղաքագետը, անդրադառնալով հարցին, թե ինչու Փաշինյանը չի մասնակցում ամերիկյան կամ եվրոպական միջոցառումներին, ընդգծեց, որ նախ պետք է հասկանալ՝ Հայաստանին պարզապես չեն հրավիրում նման միջոցառումների։
«Տպավորություն է, որ սենյակում կա փիղ, և մենք այդ փղին սկզբունքորեն ուզում ենք չնկատել։ Մենք Խորհրդային Միության մաս ենք եղել, և մեր հաղթանակը ընդհանուր Խորհրդային Միության ժողովուրդների հաղթանակի մի մասն է։ Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ դու պետք է մասնակցես այն բոլոր միջոցառումներին, որտեղ առանձնացվում է Խորհրդային Միության, խորհրդային ժողովուրդների ներդրումը այս ամենին»։
Մաթևոսյանը նաև մի դրվագ հիշեցրեց, երբ Չինաստանում այդ միջոցառումներին մասնակցեց Սլովակիայի վարչապետը, բայց չմասնակցեց Հունգարիայի վարչապետը, որովհետև Հունգարիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմնակիցն էր։
Քաղաքագետի պնդմամբ՝ խորհրդային դարաշրջանի պատմությունը և իրերի դասավորվածությունը ազդում են նրա վրա, թե ում որտեղ կհրավիրեն, ով ինչին կմասնակցի և այլն։
Իր խոսքը եզրափակելով՝ Մաթևոսյանը արձանագրեց Փաշինյանի այցերի նպատակը․ «Միջանցքը, որը Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին օգոստոսի 8-ին, գլոբալ առումով ունի ընդամենը մեկ աշխարհաքաղաքական նպատակ․ այդ միջանցքին ու կոմունիկացիաներին չտիրանան Ռուսաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Վերջիններս կարող են իրականացնել որոշակի տրանսպորտային ծրագրեր, որոնք նաև համահունչ կլինեն Չինաստանի կոմունիկացիոն–տրանսպորտային նախաձեռնություններին։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները, կամ մասնավոր ամերիկյան ընկերություն, կամ թուրքական որևէ ընկերություն գա և վերահսկողություն հաստատի այդ 43 կիլոմետրի նկատմամբ, ապա Չինաստանի ապրանքները մեզանով չեն կարողանա տրանզիտի շրջանակներում հասնել Եվրոպա և այլ տարածաշրջաններ։ Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան շատ նման է Հայաստանի մյուս պաշտոնյաների այցերին Իրանի Իսլամական Հանրապետություն, երբ նրանք փորձում են համոզել մեր հարևաններին ու բարեկամներին, որ այս ծրագիրը Իրանի դեմ ուղղված չէ։ Ես կարծում եմ, որ կարող ենք ասել՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Պեկինը չեն հավատում արցունքներին»։
Մաթևոսյանի պնդմամբ՝ սա խոսում է աշխարհաքաղաքական դալտոնիզմի մասին․ «Եթե դու խոսում ես «Թրամփի ուղու» մասին, բայց գնում ես Պեկին կամ փորձում ես անդամակցել Շանհայան համագործակցությանը, դա լուրջ խնդիր է»։
Ք. Սահակյան