Ներքին 10 ամիս առաջ - 09:30 03-09-2025

Այսօր Հայաստանի անիվը հետ շրջվեց, ու բացվեց աղետի դուռը

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի պատմության շրջադարձային կետն է։ 2013-ի այս օրը նախագահ Սերժ Սարգսյանը Մսկվայում նախագահ Պուտինի հետ գիշերային հանդիպումից հետո կատարած հայտարարությամբ փոխեց 1991-ից ընտրված Հայաստանի ուղին։

Ի՞նչ փոխեց Սեպտեմբերի 3-ը, և ինչո՞ւ է այն համարվում հետագա ազգային դժբախտությունների խորքային պատճառը։

Այս որոշումն ունի ուշագրավ նախապատմություն։ 2008-ի Մարտի 1-ից հետո իրավիճակը շատ լարված էր երկրում։ Ազատ աշխարհը հանդիմանում էր Սերժ Սարգսյանին, թե ինչո՞ւ է նա այդպիսի բռնաճնշումներ իրականացնում ընդդիմադիր գործիչների, ժողովրդի հանդեպ։ Սերժ Սարգսյանը եվրոպացիներին ներկայացնում էր, թե այդ շարժումը հովանավորվում է Մոսկվայի կողմից, թե ընդդիմադիրները ռուսական գործակալ են, ուզում են Հայաստանը հետ շրջել, նահանջել ակախությունից, ժողովրդավարությունից և այլն։ Իսկ ինքը՝ Սերժ Սարգսյանը անկախության և ժողովրդավարության ջատագով էր ներկայանում, եվրաինտեգրման ուղուն հավատարիմ։ Որպես դրա ապացույց՝ 2009-ից սկսվեց ՀՀ-ԵՄ ասոցիացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ Նույնպիսի գործընթաց էին վարում նաև Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ ՀՀ-ԵՄ ասոցիացման բանակցություններ սկսելով, Սերժ Սարգսյանը վերականգնեց ազատ աշխարհի բարյացկամությունը Հայաստանի և իր նկատմամբ, ցրեց իր լեգիտիմության վերաբերյալ կասկածները, 2013-ին վերընտրվելու հող ստեղծեց։

ԵՄ ասոցիացման գործընթացին, բնականաբար, հակադրվում էր Մոսկվան, որը 2010-ին Հայաստանին պարտադրեց երկարացնել 1995-ի մարտի 16-ի պայմանագիրը ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայման մասին։ 1995-ով նախատեսվում էր, որ ռուսական զորքերը ՀՀ-ում են 25 տարով, այսինքն՝ մինչև 2020-ը, իսկ 2010-ին պարտադրվեց՝ 25 տարին դարձնել 49։ Այսպիսով՝ Մոսկվան աշխարհին ցույց տվեց, թե կարող է Սերժ Սարգսյանին պարտադրել ստորացուցիչ պայմանագիր, սահմանափակելով ՀՀ ինքնիշխանությունը։

Դրանից հետո կարծիք տարածվեց, թե ՀՀ-ԵՄ ասոցիացման համաձայնագիրը խափանվելու է, ու ՀՀ-ն միանալու է ռուս-բելառուս հակաքաղաքակրթական դաշինքին։ Մոտ 4 տարի ինտենսիվ բանակցություններից, ժողովրդավարական մի շարք բարեփոխումներ իրականացնելուց հետո ՀՀ-ն, ի դեմս Սերժ Սարգսյանի՝ մեկ գիշերում շրջադարձ կատարեց, հայտարարելով, թե Հայաստանը մտնում է ռուս-բելառուսական Մաքսային միություն։

Իշխող հանրապետական կուսակցությունը և ժողովուրդը շոկի մեջ ընկան։ Բողոքի ցույցեր կազմակերվեցին նախագահի նստավայրի դիմաց։ Եվրոպացիները նույնպես ապշած էին մնացել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հետ շրջեց Հայաստանի անիվը։ Վերջինս եվրոպացիներին հավաստիացնում էր, թե ՀՀ-ն հավատարիմ է ժողովրդավարությանը, արժեքներին, անկախությանը, բայց ՀՀ-ԵՄ ազատ առևտրի պայմանագրից հրաժարվում է հօգուտ ռուսների հետ գործակցության։

Ու սկսվեցին դժբախտությունները։ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական զինվորի կողմից ցուցադրաբար սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքն, այդ թվում 2 տարեկան երեխան։ Սա ևս ընդհանուր շոկ առաջացրեց։ Այս ցուցադրական սպանությամբ Մոսկվան աշխարհին ցույց տվեց, թե ցանկության պարագայում կարող է սպանել հայերին։ Հետո Լավրովի պլանն ի հայտ եկավ, այնուհետև եղավ Քառաօրյա արյունալի պատերազմը։

Թե՛ Ավետիսյանների սպանությունը, թե՛ Քառօրյան, թե՛ Լավրովի պլանը ուղիղ չեն առնչվում Սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, սակայն ռուսները չէին կարող այդպիսի լկտիությամբ գործել Հայաստանի դեմ, եթե չլիներ Սեպտեմբերի 3-ը։

Այսպես՝ Սերժ Սարգսյանը Հայաստանը կապեց ռուսական սայլին։ Տարիների ընթացքում կախվածությունն այնքան խորացավ, որ 2018-ին իշխանափոխություն տեղի ունեցավ, Մոսկվայի ճնշմամբ՝ Սերժ Սարգսյանը տապալվեց և ֆորպոստի վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը, որը թյուրիմացաբար կամ միտումնավոր սխալներ գործեց, և աղետներ պատճառեց Հայաստանին և ժողովրդին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից