Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 18:31 02-09-2025

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին ոչինչ չի տալիս, բայց իշխանությունը խուսափում է դուրս գալուց

ՀԱՊԿ և «Արևմուտք-2025» զորավարժություններին նախատեսվում է միջուկային զենքի կիրառման պլանավորում, սակայն բացառվում է դրա կիրառումը: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին ասել է Բելառուսի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն։

Հայաստանը, սակայն, լինելով ՀԱՊԿ անդամ, չի մասնակցում զորավարժություններին։ Պատճառն այն է, որ 2022-ին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ը չդատապարտեց անդամ երկրի դեմ ագրեսիան և չճանաչեց ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Հայաստանը վաղուց այլևս ՀԱՊԿ-ի անդամ չէ, փաստացի։ Մենք ոչ մի միջոցառման չենք մասնակցում, ո՛չ էլ զորավարժություններին: Եվ ՀԱՊԿ-ն էլ Հայաստանի Հանրապետությունում որևէ գործունեություն չի ծավալում։ Խնդիրը միայն այն է, որ դե յուրե դեռ մնում ենք այդ կառույցում։ Դա Հայաստանի իշխանությունների հապաղելու, ավելորդ զգուշավորության, և կարելի է ասել, վախվորած լինելու հետևանք է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Նրա համոզմամբ՝ վերջին տարիներին իշխանությունները մի քանի անգամ բաց են թողել ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, հատկապես՝ Բրյուսելի 2024 թ․ մայիսի 5-ի հանդիպումից առաջ։

«Եթե այդ ժամանակ ճիշտ քայլ արվեր, Հայաստանը կարող էր այդ գործընթացից առավելություններ ստանալ»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Հայաստանին հեռացնելու հարցին, ապա Ղևոնդյանն ասաց, որ իրավական բոլոր հարցերին նա չի տիրապետում, բայց իրավական առումով ՀԱՊԿ-ը որևէ երկրին հեռացնելու մեխանիզմ չունի։

«Այս հարցը կարող է առաջանալ, եթե անդամ պետությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները։ Ռուսաստանում արդեն խոսվում է այն մասին, որ Հայաստանը երկու տարի չի վճարել անդամավճարը, և այդ ժամկետը կլրանա այս տարվա վերջում։ Եթե ՀԱՊԿ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, դա իրականում ավելի ձեռնտու կլինի հենց մեզ համար։ Հայաստանը կկարողանա այդ փաստը «վաճառել» գործընկերներին՝ ներկայացնելով, որ ինքը դուրս է ՀԱՊԿ-ից, և դրա դիմաց ստանալ ինչ-որ լրացուցիչ աջակցություն»,- ասաց նա։

Խոսելով իշխանությունների զգուշավորությունից, Ղևոնդյանը հավելեց, որ դա գալիս է այն մտավախությունից, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում ՀՀ-ն կբախվի նոր մարտահրավերների Ռուսաստանի կողմից։

«Իմ կարծիքով՝ Հայաստանը արդեն բախվել է բոլոր այդ մարտահրավերներին, և հիմա նման վախը անիմաստ է։

Ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին, ապա զորավարժություններին չմասնակցելը որևէ վտանգ չի պարունակում։ Ընդհակառակը՝ մասնակցությունը կարող էր խնդիրներ առաջացնել այլ գործընկերների հետ հարաբերություններում։ ՀԱՊԿ-ում մնալը ռիսկ է, որովհետև կան գործընկերներ, որոնք Հայաստանի հետ ավելի մեծ պատրաստակամությամբ կզարգացնեին հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում, եթե մենք ՀԱՊԿ անդամ չլինեինք։

Այլընտրանքային որևէ ռազմական դաշինքի անդամակցելու կարիք չկա։ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը չի պահանջում նման կառույցների միջոցով անվտանգության ապահովում։ Իսկ եթե ապագայում Հայաստանում իշխանություն գա, որը կուզենա վերադառնալ ՀԱՊԿ, ապա դա դժվար բան չէ։ ՀԱՊԿ-ն ինքն է խնդրում երկրներին անդամակցել, ի տարբերություն Եվրամիության, ուր երկար և բարդ գործընթաց է պահանջվում»,-եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է