Ներքին 1 տարի առաջ - 16:59 26-08-2025

ՔԿ-ի նախնական վարկածով՝ զինվորն ինքն է իրեն վնասել. նա 1 տարի առաջ է վերադարձել ՀՀ

Վերին Դվինից բանակ զորակոչված ասորի երիտասարդը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունն այսօր այս տեղեկությունը հրապարակեց միայն, երբ լրատվամիջոցները գրել էին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ ռազմական գերատեսչության՝ հրազենային վիրավորում ստացած զինվորն արդեն վիրահատվել է:

Քննչական կոմիտեն քննում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, վարույթն էլ նախաձեռնել է զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու՝ անդամախեղելու եղանակով, զինվորական ծառայությունից խուսափելու կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու հոդվածով: Այլ մանրամասներ Քննչականը չի հաղորդում:

Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան «Ազատությանը» փոխանցեց՝ երիտասարդի ընտանիքը երկար տարիներ Ռուսաստանում է ապրում, նա այնտեղ է դպրոց գնացել և շուրջ մեկ տարի առաջ է եկել Հայաստան՝ բանակ գնալու համար: Սերգեյ Վասիլևը 23 տարեկան է, փոխանցեց Վերին Դվինի ղեկավարը:

«Հայրը, մայրը ապրում են Ռուսաստանում», - ասաց նա:

Քննչականի հաղորդագրությունից ենթադրվում է, որ Ռուսաստանից բանակ ծառայելու համար հայրենիք վերադարձած երիտասարդը փորձել է խուսափել ծառայությունից: Ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում, և արդյո՞ք իսկապես այդպես է եղել՝ պարզ չէ, և՛ ՔԿ-ն, և՛ Պաշտպանության նախարարությունը չեն պարզաբանել:

«Հավատացած եմ, եթե լրատվամիջոցները չխոսեին սրա մասին, սա կլիներ հերթական դեպքերից մեկը, որի մասին ոչ ոք չի իմանում: Միակ բանը, որ կարար տեղեկությունը հրապարակեր, ենթադրենք, երբ որ մահվան բերեր այդ գործողությունը: Ուղղակի կհայտարարվեր, որ N զորամասում զինծառայողն ինքնասպան է եղել», - «Ազատությանն» ասաց բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:

Նա մի քանի հարց է բարձրացնում՝ ՊՆ գործունեությունը թափանցիկ չէ՝ նման դեպքերի մասին գերադասում են լռել: Երկրորդ հարցն այն է, թե ինչու են զինվորները գնում նման քայլի: Չնայած, ընդգծում է, դեռ ապացուցված չէ, որ հայրենիքին պարտքը տալու համար Հայաստան վերադարձած զինվորը ինքն իր վրա ձեռք է բարձրացրել, ու եթե ամեն ինչ լավ լիներ, դժվար այս քայլին գնար: Չի բացառվում, որ նրան հասցրել են դրան, նկատում է իրավապաշտպանը:

«Տարբերակները շատ-շատ են: Չեմ կարող բացառել այն տարբերակը, որ ենթադրենք՝ զորամասում ճնշումներ են եղել զինծառայողի նկատմամբ, և դա եղել է վերջին միջոց, որպեսզի ազատվի այդ զորամասից կամ տեղափոխվի: Տարիների ընթացքում այնքան դեպքեր ենք տեսել, որ ոչ մի բան ես չեմ կարող բացառել», - ասաց Խաչատրյանը:

Բանակի խնդիրները լուծելու փոխարեն զինված ուժերում զբաղված են ծածկադմփոցով, ասում է բանակի խնդիրներով զբաղվող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավարը: Իսկ նման գործելակերպը բերում է վստահության կորստի, հավելում է նա. «Այդ վստահության կորստի պատճառով էլ մենք անընդհատ փորձում ենք դավադրության տեսություններ մտածել, թե իրականում պատճառը դա էր, թե չէ, վիրավորումն ստացել է ծառայակցից, թե ինքնախեղում է: Սա էլ շատ կարևոր տարր է, որ եթե վստահություն լիներ, եթե թափանցիկ գործեին թե՛ պաշտպանական գերատեսչությունում, թե՛ վարույթն իրականացնող մարմնում, հավանաբար այդ հարցերը մեզ մոտ չէին ծագի»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո