Ուղիղ եթեր

Դեսպաններին հավաքում են Սյունիքում, բանակում կրճատումներ են. Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան ժամանակ է անցնում Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, այդքան ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում հստակ և շիտակ պատասխաններ տալ այն հարցերին, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու Ադրբեջանից եկող մեքենաների զննությունն ու վերահսկումը, արդյո՞ք ադրբեջանցիները կանցնեն անձնագրային և մաքսային հսկողություն, ու արդյոք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ և այլ հայաստանյան ուժային կառույցներ։ Սա էլ հասկանալի է՝ այս հարցերին կոնկրետ պատասխանները միանգամից կբացահայտեն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի անցկացմանը Հայաստանի տարածքով հասել է Ադրբեջանը, նախատեսվում է դարձնել արտատարածքային գոտի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։
Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցները փորձեցին հանրության ուշադրությունը շեղել այլ իրադարձությունների վրա, օրինակ՝ Ալյասկայում տեղի ունեցած հանդիպմանը։ Իսկ Փաշինյանը, որը սովոր է հայ քաղաքացիներին վերաբերվել որպես պասիվ զանգվածի, գրեց բավական ուշագրավ գրառում այն մասին, որ վերջին երկու ամսում Հայաստանում տեղի են ունեցել երեք բազմահազարանոց համերգներ, և դա «իրական մարդկանց կյանքի հրճվանքն» է։ Այսինքն, սիրելի հայ քաղաքացիներ, պարեք Լոպեսի երգերի տակ և դադարեք ինձ հարցեր տալ այն փաստաթղթի մասին, որը ես անխոհեմաբար ստորագրել եմ Վաշինգտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վերջին ժամանակահատվածում ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Մենք տեղեկություններ էինք ստացել, որ Վանեցյանը վերջերս հանդիպել է անգամ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ներկայացուցիչների հետ: Ըստ տեղեկությունների՝ առաջիկա ընտրություններին նրանք եւս լինելու են «Հայրենիք» կուսակցության շարքերում, որին «Հայրենիք»-ը կմասնակցի միայնակ:


Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով` բանակում եւ ողջ զինվորական համակարգում համատարած կրճատումներ են: Մեր աղբյուրի խոսքով` պաշտպանության նախարարությունում, ինչպես նաեւ նախարարությանը ենթակա զորամասերում վերջին ամիսներին մի քանի տասնյակ զինվորական է կրճատվել` առանց որեւէ էական բացատրության:

Մեր աղբյուրը նշում է, որ թիրախում հատկապես այն զինվորականներն են, որոնք ատեստավորում չեն անցել, սակայն շարունակում են իրենց աշխատանքը չնչին աշխատավարձերով:

Չնայած այս ամենին, մեր աղբյուրը նշում է նաեւ, որ բանակում աննախադեպ մեծացել է քաղաքացիական անձանց թիվը` ի հակակշիռ զինվորականների:

Մեր աղբյուրի խոսքով` զինվորական խավն այս ամենը կապում է առաջին հերթին ֆինանսներ տնտեսելու պետական քաղաքականության հետ, նոր միայն` հայ-ադրբեջանական խաղաղության:


«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձն էր՝ 60-ամյա հոբելյանը: Նրան շնորհավորում էին Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ, արտերկրյա հայտնի անձինք, ազդեցիկ կառույցներ (մասնավորաբար՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիան»), հարազատները, ընկերները, բարեկամները, տասնյակ հազարավոր պարզապես հայ մարդիկ:
Վեհափառն ի մասնավորի նշել է. «Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ»։
Իրավիճակն, ինչ խոսք, արտառոց է: Ու ոչ միայն այն առումով, որ խոշոր գործարարը, բարերարը, իր գործունեությամբ իր հայրենիքում հազարավոր աշխատատեղեր ստեղծած ու ապահոված գործիչը անհեթեթ ու ակնհայտորեն քաղաքական պատճառներով գտնվում է անազատության մեջ: Այս պարագայում երևի լիովին կիրառելի է այն դառը ասույթը, որ «ոչ մի բարի գործ անպատիժ չպիտի մնա»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայրենի իշխանությունները տոնական տրամադրության մեջ են: Իշխանական էլիտայում բոլորը ցնծում են՝ կարծելով, որ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագիրը իրենց իշխանությունների հաղթանակն է, ու իրենք «պարզերես» կարող են դուրս գալ փողոց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին վստահեցրել է, որ իրենք հանրության շրջանում արդեն դրական ցուցանիշ ցույց տալու փաստաթուղթ-արդյունք ունեն, ուստի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վերընտրվելու կապակցությամբ այլեւս խնդիր չունեն: Նաեւ վստահեցրել է, որ ապագան շատ ավելի լավ է լինելու, ու այդ թեզերը իշխանականները պետք է անդադար կրկնեն, տարածեն հանրության շրջանում:

Հրապարակ օրաթերթը գրում է

Արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը, որն ընդունված է դեսպանահավաք կամ օգոստոսյան խորհրդակցություն անվանել, այս տարի կանցկացվի Սյունիքում՝ Կապան համայնքում, օգոստոսի 25-27-ը։ Ըստ ամենայնի, Սյունիքը պատահաբար չի ընտրվել: «Թրամփի ուղի» վաշինգտոնյան հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո այս մարզն ու այստեղ կառուցվելիք «անխոչընդոտ ճանապարհն» ամենախնդրահարույց հարցերն են եւ մեր արտաքին քաղաքականության ամենախոցելի կետը:

Հավանաբար, մեր դեսպաններին պատրաստվում են տանել այդ հատված, ծանոթացնել տեղանքին եւ ինստրուկտաժ անել, թե ինչպես պետք է դիվանագիտորեն ներկայացնեն «Սյունիքի միջանցքը» տալը, որ ձեւացնեն, թե ՀՀ ինքնիշխանությունը դրանից չի տուժելու: