Պաշտպանության նախարարի խորհրդականը կալանավորվել է, քանի կմ է միջանցքը. Մամուլ

Հրապարակը օրաթերը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի եւ մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված եւ տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաեւ՝ վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգեւավճարները»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ըստ պաշտոնական տվյալի՝ նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել եւ վաճառել է ընդհանուր 15․300 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7․844․000 ՀՀ դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։ Բացի այդ, վերջինս հափշտակել է նաեւ տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված եւ իրեն վստահված 2․926․080 ՀՀ դրամ արժողության 6․096 լիտր ավտոբենզինի կտրոնները: Արդյունքում հափշտակվել է ընդհանուր 10․770․080 ՀՀ դրամի 21.396 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ: Հիշեցնենք․ Դանիելյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, հենց նրա լոբբինգով էր նշանակվել այդ պաշտոնում, սակայն ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ կալանավորվեց մայիսի 6-ին: Թեեւ կալանավորումից շաբաթներ անց խափանման միջոց կալանքը փոխել են տնային կալանքով։

Հրապարակը օրաթերը գրում է․ Օգոստոսի 3-ին տեղի են ունեցել Մեղրիի ՔՊ տարածքային կառույցի նոր ընտրությունները, որն անակնկալ արդյունքներ է գրանցել գործող համայնքապետ, դավանափոխ եղած Խաչատուր Անդրեասյանի համար։ Մենք գրել էինք, որ Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով համայնքապետ դարձած Անդրեասյանը վերջերս անցել է ՔՊ շարքերը եւ իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում, որպեսզի շարունակի կարիերան համայնքապետի պաշտոնում, սական ՔՊ-ից մեծ դաս է ստացել։ Նա ընտրվել է ՔՊ խորհրդի անդամ, սակայն նախագահ նրան չեն ընտրել` 7 ընտրողներից 6-ը նրան կողմ չի քվեարկել, փոխարենն անցել է Աննա Հակոբյանի մտերիմը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, որը վերջերս տիկնոջ հայտարարած «Հաջողակից սկսնակին» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն է ստացել` բիզնես պրոյեկտ իրականացնելու համար։

Հրապարակը օրաթերը գրում է․ Զանգեզուրի միջանցքի երկարության մասին տարբեր թվեր են շրջանառվում, մի մասը նշում է 42 կիլոմետրանոց միջանցքի մասին, մյուսները` 43,5 կմ, ավելի վաղ խոսում էին 32 կմ-ի մասին, մասնավորապես, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր․ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը եւ բոլորով օգտվեք դրանից»։ Թե քանի կմ երկարություն է ունենալու այդ ճանապարհը, Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում հիշատակում չկա: «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության սեփականատեր եւ տնօրեն Գագիկ Աղաջանյանը ենթադրում է՝ գուցե երկու ճանապարհ է լինելու՝ 42 կիլոմետրանոցը Հայաստանի եզրով է ձգվելու, 32-ը` մի փոքր ավելի հյուսիսից։ Սակայն, դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, 32 կմ-ի մասին հիշատակումն իրականում թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունք է: Բանն այն է, որ Ադրբեջանը համարում է, որ դեմարկացիա-դելիմիտացիայի արդյունքում Նռնաձորի հատվածում մոտ 10 կմ-ի հասնող հատվածն իրենով է անելու, դա ադրբեջանական տարածք է համարում, այդ պատճառով էլ հնչում է նաեւ 32 կմ թիվը, պատահական չէ, որ այդ հայտարարողներից մեկը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է եղել։

Հրապարակը օրաթերը գրում է․ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նույն օրը մահացել էր: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ավելի քան 9 ամիս գործով նախաքննություն է ընթացել։ Տեղեկացանք, որ վերջերս գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը մակագրվել է, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վերջինս հայտնի է իշխանական կապերով, եւ այսօր բոլոր քաղաքական պատվերները նրան են իջեցնում։ Դատավոր Մելքոնյանի ձեռքով բանտում են հայտնվել բազմաթիվ ընդդիմադիրներ, ամենավերջինը՝ Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Ըստ ամենայնի, ՔՊ-ականի կնոջ գործը պատահականությամբ չի հայտնվել նրա մոտ, ելքն էլ կանխատեսելի է՝ Հռիփսիմե Գրիգորյանը ջրից չոր դուրս կգա։

Հրապարակը օրաթերը գրում է․ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հուլիսի 5-ին դատարանում հաղթեց Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն, հայցվոր կողմը դատարանից պահանջել էր 500 հազար դրամ` որպես փոխհատուցում, դատարանը որոշել էր բավարարել 250 հազարը։


Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը, պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»:

Պարզվում է, որ Արմեն Ավինյանը հաշտ չէ դատարանի որոշման հետ, նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը մեզ ասաց՝ որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, դեռեւս մակարգրված չէ որեւէ դատավորի։ Վիրավորելու կամ նման միտում ունեցե՞լ է ավագ Ավինյանը, փաստաբանն ասաց՝ դա դատական նիստերի ընթացքում ներկայացրել են դատարանին։

Հրապարակը օրաթերը գրում է․ Հրապարակ օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ թեզեր պատրաստել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպման համար, հիմնավորումներ, որոնք «կնվազեցնեն Իրանի մտահոգությունները»` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մեր աղբյուրը նշում է, որ Փաշինյանն առաջարկել է Փեզեշկիանին՝ փաստեր ներկայացնել այն մասին, որ հայկական սահմանների մոտ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ակտիվությունն է աճելու, այլ ոչ թե ամերիկյան։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումը կարող է փոխել հանդիպման օրակարգը եւ մեր հարեւանի վերաբերմունքը վաշինգտոնյան համաձայնությունների հանդեպ։ Ի դեպ, երեկ Փաշինյանը մեծ թվով հեռախոսային խոսակցություններ է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Վլադիմիր Պուտինի, Մասուդ Փեզեշկիանի, Ռեջեփ Էրդողանի, Էմանուել Մակրոնի, Հորդանանի նախագահի հետ: Բնականաբար, հաշվետվություն է տվել եւ մասամբ փորձել է հարթել վաշինգտոնյան փաստաթղթերից ստեղծված տպավորությունն ու հանգստացնել իր զրուցակիցներին, որ իրենց շահերին ոչինչ չի սպառնում: Թե որքանով է դա նրան հաջողվել, պարզ չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ ու կիրակի էլ ՔՊ-ականները, որոնք նպատակ ունեն ընտրվելու ՔՊ վարչության անդամ, տարբեր մարզերում քարոզչություն են իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները եղել են Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում, փակ հանդիպումներ են ունեցել ՔՊ ակտիվի հետ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները, որոնք ամենօրյա շփումներ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցեցին այն ՔՊ-ականների անունները, որոնց Փաշինյանը ցանկանում է տեսնել ՔՊ-ի նոր վարչության կազմում: Փաշինյանն իր շրջապատում ակնարկում է, թե ովքեր են արժանի իր հետ ՔՊ վարչության անդամներ լինելու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նոր կազմում կլինեն, բնականաբար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ նախկին ղեկավար, ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից Արուսյակ Մանավազյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի ընտանիքի քավորն է: Թե Փաշինյանը «սրտի» մարդիկ ինչքանով կկարողանան ձայներ հավաքել, հիմա դժվար է ասել, բայց նրանք ամեն բան անում են՝ Փաշինյանի հույսերն արդարացնելու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կայանալու են ՔՊ վարչության կազմի նոր ընտրությունները, որի համար 42 ՔՊ-ական է առաջադրվել․ նրանցից ընտրվելու է 20-ը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Երևանն արթնացավ սուր ծխի հոտից․ կրկին այրվում էր Նուբարաշենի աղբավայրը։ Նուբարաշենին հարակից վարչական շրջանների բնակիչներն այս տապին փակում էին պատուհաններն ու անջատում էին օդափոխման համակարգը՝ վնասակար և թունավոր ծխից խուսափելու համար։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, դեկտեմբերի 13-ի Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Շահույթի հետևից վազող իշխանությունն այսօր, բացի աղբից, կուտակել է նաև մեծ քանակության թունավոր գազեր օդում, միայն այն բանի համար, որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ»։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և միջազգային զեկույցների՝ Երևանի օդի աղտոտվածությունը տարիներ շարունակ գերազանցում է սահմանային թույլատրելի չափորոշիչները։ Սակայն ամեն անգամ աղբավայրի այրվելուց հետո, երբ երկնքում ամպ ու արև չի երևում, պետական կառույցները հուսադրում են, որ ամեն բան այդքան էլ վատ չէ և ներկայացնում են անհավանական թվեր։ Օրինակ՝ Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Սա պաշտոնական տեսակետն է, իսկ գիտությունն ու բնապահպաններն այլ բան են պնդում։ Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ Երևանի էկոլոգիական խնդիրների պատճառով բնակչության առողջությունը և կյանքի որակը կարող են զգալիորեն վատթարանալ։ Նման խնդիրների հիմնավոր պատճառները սրանք են. ավտոտրանսպորտ (հատկապես հին մեքենաներ), շինարարական փոշի, ջեռուցման համակարգեր՝ մազութով կամ փայտով, քամու պակաս և լեռնաշղթաներով շրջափակված դիրք՝ օդի շրջանառության դժվարություն։ Այս ամենին օրերս գումարվեց Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը։ Բնակիչները բողոքում են, որ ծուխը արդեն լցվել է մարդկանց թոքերը, սակայն քաղաքային իշխանություններն ու շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը մատը մատին չեն տալիս։ Նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը պատրաստվում է հաջորդ տարի հյուրընկալել COP17 համաժողովը, որի հիմքը բնապահպանությունն է։ Սակայն ինչ բնապահպանություն, եթե անգամ աղբը չեն կարողանում անվտանգ պահպանել։ Անգործության են մատնված պատասխանատու բոլոր կառույցները, միայն փրկարարներն են, որ ջանասիրաբար, վտանգելով առողջությունը, փորձում են պայքարել կրակի դեմ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով: ArmLur.am-ը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե հասկանալու համար, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա ՀՀ քննչական կոմիտեում, եւ ինչ կարգավիճակ ունի նա։ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է եւս մեկ քրեական գործով, որն արդեն դատարանում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա: Նկատենք, որ ըստ մամուլի՝ Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաև ունեցել է գրավատուն և այլն»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից