Մամուլ 11 ամիս առաջ - 07:30 12-08-2025

Իշխանությունը կուտակել է աղբ եւ թունավոր գազեր, քանի որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Երևանն արթնացավ սուր ծխի հոտից․ կրկին այրվում էր Նուբարաշենի աղբավայրը։ Նուբարաշենին հարակից վարչական շրջանների բնակիչներն այս տապին փակում էին պատուհաններն ու անջատում էին օդափոխման համակարգը՝ վնասակար և թունավոր ծխից խուսափելու համար։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, դեկտեմբերի 13-ի Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Շահույթի հետևից վազող իշխանությունն այսօր, բացի աղբից, կուտակել է նաև մեծ քանակության թունավոր գազեր օդում, միայն այն բանի համար, որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ»։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և միջազգային զեկույցների՝ Երևանի օդի աղտոտվածությունը տարիներ շարունակ գերազանցում է սահմանային թույլատրելի չափորոշիչները։ Սակայն ամեն անգամ աղբավայրի այրվելուց հետո, երբ երկնքում ամպ ու արև չի երևում, պետական կառույցները հուսադրում են, որ ամեն բան այդքան էլ վատ չէ և ներկայացնում են անհավանական թվեր։ Օրինակ՝ Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Սա պաշտոնական տեսակետն է, իսկ գիտությունն ու բնապահպաններն այլ բան են պնդում։ Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ Երևանի էկոլոգիական խնդիրների պատճառով բնակչության առողջությունը և կյանքի որակը կարող են զգալիորեն վատթարանալ։ Նման խնդիրների հիմնավոր պատճառները սրանք են. ավտոտրանսպորտ (հատկապես հին մեքենաներ), շինարարական փոշի, ջեռուցման համակարգեր՝ մազութով կամ փայտով, քամու պակաս և լեռնաշղթաներով շրջափակված դիրք՝ օդի շրջանառության դժվարություն։ Այս ամենին օրերս գումարվեց Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը։ Բնակիչները բողոքում են, որ ծուխը արդեն լցվել է մարդկանց թոքերը, սակայն քաղաքային իշխանություններն ու շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը մատը մատին չեն տալիս։ Նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը պատրաստվում է հաջորդ տարի հյուրընկալել COP17 համաժողովը, որի հիմքը բնապահպանությունն է։ Սակայն ինչ բնապահպանություն, եթե անգամ աղբը չեն կարողանում անվտանգ պահպանել։ Անգործության են մատնված պատասխանատու բոլոր կառույցները, միայն փրկարարներն են, որ ջանասիրաբար, վտանգելով առողջությունը, փորձում են պայքարել կրակի դեմ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից