Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:04 11-08-2025

«Թրամփի ճանապարհ» նախաձեռնությունը վտանգում է ՀՀ-ի ռազմավարական ինքնուրույնությունը. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը.

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։

Այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity - Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ։ Չնայած այն պնդումներին, որ ներդրվելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո, հիմնավոր մտահոգություններ են առաջանում տարածքային ամբողջականության և պետության երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ։

Նույնքան խաբուսիկ է նաև այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը։ Փոխանակ փոխադարձ և ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրված փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները և «միջանցքային տրամաբանությունը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափորեն խորացնում են Հայաստանի տնտեսական և անվտանգային խոցելիությունը։

Ավելին, այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տերությունների շահերին, որոնք արդեն իսկ արտահայտել են իրենց վերապահումները։ Այս պայմանավորվածությունը վտանգում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։ Ռազմավարական ենթակառուցվածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարավային Կովկասում ուժերի նուրբ հավասարակշռությունը և վտանգում է ավելի լայն տարածաշրջանային անվտանգությունը։

Հատկապես հատկանշական է, որ գործարքից հետո Հայաստանի կառավարությունը մոբիլիզացրել է իր ողջ քարոզչական ապարատը՝ հանրությանը մոլորեցնելու և համաձայնագրի իրական բնույթը թաքցնելու համար։ Հաշվարկված այս ապատեղեկատվության արշավը բացահայտում է գործարքի կործանարար հետևանքների վերաբերյալ իշխանությունների գիտակցումը: Եթե համաձայնագիրը իսկապես բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլյացիաների կարիք չէր լինի։

Միևնույն ժամանակ, միջազգային ծափահարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման կապակցությամբ վտանգավոր կերպով անտեսում են այն հարկադրանքի պայմանները, որոնց ներքո ձեռք է բերվել համաձայնագիրը՝ շարունակական սպառնալիքների, օկուպացիայի և Արցախի հայ բնակչության իրավունքների կոպտագույն խախտման ֆոնին։ Իրական խաղաղությունը չի կարող պարտադրվել արտաքին ճնշման և հաստատվել անարդարության միջոցով։

Դիվանագիտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը: Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր ներգրավված կողմերը՝ տեղական և տարածաշրջանային, իրական շահագրգռվածություն ունեն պատվավոր, ներառական և արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղություն, որը կառուցված է բացառման, հարկադրանքի կամ խաբեության վրա, դատապարտված է ձախողման։

Հազարամյա հայրենիքի մի մասի կորստի, հարյուր հազարավոր հայերի հայրենազրկման, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացության մատնող և ապագայում դրանք բարձրաձայնելու իրավունքից հրաժարվող իշխանությունների կողմից որևէ համաձայնություն որպես նվաճում մատուցելը երեսպաշտություն է և վիրավորական է մեր ժողովրդի համար:

Մենք կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին և միջազգային հանրությանը չտրվել վտանգավոր պատրանքներին և ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձևավորվող վերահաս մարտահրավերները»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել