«Եթե Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ այդ գիրքը պահում էր կրծքի տակ՝ ինչպես Աստվածաշունչը, ապա հասկանալի է, որ հիմա էլ Աննա Հակոբյանը պիտի այն կարդա։ Սա ոչ թե սովորական ընթերցանություն է, այլ հստակ ուղերձ՝ հանրությանը թուրքամետհոսանքի ներքո ձևավորելու փորձ»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքն ընթերցելու որոշման խորքային ենթատեքստը։
Նրա խոսքով՝ այս ամենը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին՝ մեկուսացված արարք, այլ՝ որպես ընթացիկ քաղաքական օրակարգի բաղադրիչ, որն ուղղված է ազգային ինքնության ժխտմանը. «Այս զույգը փորձում է օրակարգ թելադրել, և այդ օրակարգը մեզ տանում է մի դաշտ, որտեղ ազգային ինքնությունն անորոշության մեջ է հայտնվում։ Վաղը կարող են նույնիսկ հայտարարել, որ հայերը թուրքերից են առաջացել, և այդ «հետազոտությունը» կդարձնեն կրթական նորմ»։
Մադաթյանը նաև կասկածի տակ դրեց այն, որ Աննա Հակոբյանը կամ Նիկոլ Փաշինյանը իրապես ընթերցում են իրենց ցուցադրած գրքերը. «Ես չեմ կարծում, որ նրանք որևէ գիրք կարդացել են։ Ավելի շատ սիրում են գրքերի հետ սելֆի անել։ Գիրքը դարձել է աքսեսուար, ոչ թե բովանդակային ներգրավման առարկա։ Դրա լավագույն օրինակն Էյնշտեյնի գրքերով ինստագրամ մտնող Հակոբյանն է, ով 2 տարի առաջ «Կրթվելը նորաձև է»-ի շրջանակներում իբր ներկայացնում էր գիրքը։ Փորձեք հիմա հարաբերականության տեսությունից մի հարց տվեք, կտեսնեք՝ արդյոք իրոք կարդացե՞լ է, թե՞ ոչ։ Կարդացած մարդը հեռվից երևոիմ է»։
Մադաթյանը նաև համեմատական է անցկացնում այս երևույթի և սոցիալական մեդիայի տիպիկ մոտեցումների միջև։ «Իրենց ցիտատները՝ խոսքերը, երբեմն հիշեցնում են ինստագրամյան աղջիկների ստատուսները․ կցկտուր, մակերեսային մտքեր՝ առանց խորքի։ Կարդացող մարդը մի տեսակ ուրիշ կերպ է լինում։ Իսկ այստեղ՝ ծիտիկ-ծիտիկից բացի, ուրիշ բան չեն կարդացել, երբ գրքի հետ լուսանկարվում են՝ հարցրեք՝ կարդացիք, իսկ ի՞նչ հասկացաք։ Եթե սա պարզապես նորաձևության մեջ է՝ գիրքը դառնում է փաթեթ, ոչ թե բովանդակություն»,- եզրափակեց նա։
Մերի Հակոբյան