Ստեփան Սամվելյանը Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։
Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։
Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել
է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։